Համաձայնագրի կնքման համար հուլիսի 13-ին սահմանված վերջնաժամկետին ընդառաջ` Իրանն ու աշխարհի վեց խոշորագույն երկրները Վիեննայում շարունակում են բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, թե «լիահույս է», որ մինչև սահմանված վերջնաժամկետը հնարավոր կլինի հանգուցալուծել մնացած հարցերը:
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան ու Ռուսաստանը փորձում են ավարտին հասցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ արդեն 12 տարի շարունակվող բանակցությունները։ Կողմերը դեռևս չեն կարողանում լիակատար համաձայնության գալ մի շարք, այդ թվում՝ Իրանի հետ զենքի առևտրի վրա ՄԱԿ-ի դրած պատժամիջոցների հարցում։