ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ղարաբաղի հարցում կողմերը պետք է վերահաստատեն կարգավորման պատրաստակամությունը

Ղարաբաղի հարցում կողմերը պետք է վերահաստատեն կարգավորման պատրաստակամությունը
16.07.2015 | 15:13

Չկա և երբեք չի լինի Լեռնային Ղարաբաղի հարցի ռազմական լուծում՝ Վաշինգտոնում Բրուքինգս հաստատությունում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը՝ տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: Նրա խոսքով, ԱՄՆ-ը ուշադրությունը կենտրոնացրել է ղարաբաղյան հակամարտության արդար, խաղաղ, տևական և բոլոր կողմերի համար շահավետ կարգավորման վրա, և հենց այդ մոտեցումը պետք է գերակայի հաջողության համար: «Գոյություն չունի ավելի լավ լուծում, մյուսներն այնքան սարսափելի են, որ չարժե նույնիսկ դիտարկել»,- ասել է Ռուբինը և ընդգծել, որ ժամանակն է կողմերը վերահաստատեն առաջընթացի հասնելու պատրաստակամությունն ու նվիրվածությունը, չմանրամասնելով՝ դա պետք է արվի կողմերի հայտարարությա՞ն, թե՞ նախագահների հանդիպման ձևով: «Դա հեշտ չէ և այդ կարգավորմանը հասնելու համար երկու կողմերն էլ պետք է որոշ ընտրություն կատարեն, դա բարդ է և հենց այդ պատճառով կարգավորմանը դեռևս չենք հասել»,- հավելել է նա: Էրիկ Ռուբինը նշել է, որ ԱՄՆ-ը մյուս համանախագահող երկրների հետ միասին պատրաստ է տևական խաղաղության հաստատման համար անել հնարավոր ամեն ինչ, իսկ հակամարտության կողմերը պետք է ձեռնպահ մնան բռնություններից: «Մեր կարծիքով, չափազանց կարևոր է, որ կողմերը զերծ մնան այս իրավիճակը սրելուց՝ միջադեպերից խուսափելը վճռական հարց է»,- ասել է նա:
Ռուբինն ընդգծել է, որ ներկա իրավիճակը Հարավային Կովկասում անընդունելի է:
«Ստատուս քվոն տարածաշրջանում անընդունելի է, չի բավարարում ոչ ԱՄՆ-ին, ոչ էլ, կարծում եմ, տարածաշրջանի երկրներին: Դժվար թե տարածաշրջանի որևէ պետության կառավարություն կամ ժողովուրդ համաձայնի, որ ներկա վիճակը նորմալ է և կարող է այդպես մնալ, ավելի շուտ ճիշտ հակառակն է»,- հայտարարել է նա: Վերջին տարիներին Հարավային Կովկասում Վաշինգտոնի կարևորագույն ձեռքբերումներից մեկը նա համարում է Հարավային Կովկասի նկատմամբ քաղաքականության համակարգումը ԵՄ-ի հետ: «Մենք մի քանի տարի ծախսեցինք, բայց հասանք նրան, որ ներկայումս միասնական քաղաքական ուղղություն ունենք և տեղում տեղեկատվություն ենք փոխանակում»,- պարզաբանել է ամերիկացի դիվանագետը:
Ռուբինը նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել տարածաշրջանում տնտեսական համագործակցության զարգացմանը, քանի որ տնտեսությունն ազդում է կայունության ամրապնդման, իսկ իրավիճակի վատացման դեպքում՝ ապակայունացման վրա: ԱՄՆ-ը ցանկանում է, որ Հարավային Կովկասը վերածվի զարգացած ենթակառուցվածքներով գլոբալ տրանսպորտային հանգույցի, որ հսկայական հնարավորություններ կստեղծեր տարածաշրջանի բնակիչների համար: Հենց դրան են ուղղվելու ամերիկյան կողմի ջանքերը: Ռուբինի խոսքով, արդեն մեկ տարի անց բեռնատար կոնտեյները Չինաստանից կարելի է հեշտությամբ հասցնել Հարավային Կովկաս, ապա Եվրոպա: «Հայաստանը դեռևս դուրս է մնում նման նախագծերից, սակայն մենք միանշանակ հայտարարում ենք, որ այդ պլանների հաջող իրագործման համար պետք է ներգրավված լինեն տարածաշրջանի բոլոր երկրները, իսկ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն»,- ընդգծել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 537

Մեկնաբանություններ