Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Մաթիաս Քիեսլերը հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Նա շնորհավորել է դեսպանին և մաղթել հաջողություն առաքելության ընթացքում՝ հույս հայտնելով, որ նա կնպաստի հայ - գերմանական բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը: Նորանշանակ դեսպանը վստահեցրել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ - գերմանական բազմաոլորտ համագործակցության սերտացման համար։ Զրուցակիցները կարևորել են բարձր մակարդակով փոխայցելությունները, 60 երկկողմ փաստաթղթեր ներառող իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդատվություններին, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային ոլորտներում համագործակցությանը: Կարևորվել է միջխորհրդարանական կապերի ընդլայնումը:
Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանին անկախացումից ի վեր Գերմանիայի շարունակական աջակցության համար։
Ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում իրականացվող միջոցառումները՝ նախարարը բարձր է գնահատել ապրիլի 23-ին Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:
Քննարկվել են Հայաստան - Եվրամիություն համագործակցության հարցեր, անդրադարձ է կատարվել հաջորդ տարի Գերմանիայի կողմից ԵԱՀԿ-ի նախագահության ստանձնմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ, անդրադարձ կատարելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը։
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները, խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։