«Թուրքական հոսք»-ը պետք է համապատասխանի ինչպես Մոսկվայի, այնպես էլ Անկարայի շահերին՝ հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը՝ մեկնաբանելով «Թուրքական հոսք» նախագծի իրականացման շուրջ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ բանակցությունների ընթացքը, որով պետք է ռուսական գազը Եվրոպա հասնի՝ շրջանցելով ՈՒկրաինան: «Մոսկվան մեզ որպես տարանցիկ երկիր է դիտարկում: Մենք դրանում որևէ իմաստ չենք տեսնում: Ցանկանում են մատակարարումների համատեղ համակարգ ստեղծել: Այդ հարցի շուրջ սկզբունքային համաձայնություն ձեռք բերվել է, սակայն Ռուսաստանը հետ քայլ է անում»,- նշել է նա: Նախարարն ընդգծել է, որ Անկարան երբեք չի գնա զիջումների, որոնք կսպառնան իր շահերին: «Թուրքական հոսք» գազատարի կառուցման որոշումը կայացվեց «Հարավային հոսք»-ի շուրջ աշխատանքների դադարեցումից հետո, որը 2014 թվականի դեկտեմբերին փակվեց՝ ՈՒկրաինայում հակամարտության հետ կապված ԵՄ-ի դիրքորոշման պատճառով: Ենթադրվում է, որ դրա հզորությունը կկազմի տարեկան 60 մլրդ խորանարդ մետր: