ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամադ Ռեյիսին հաստատում է՝ Իրան-Հայաստան երկկողմ բանակցություններն ակտիվացել են: «Այո, կա ակտիվություն և մոտ ապագայում մեր փոխնախագահը գալու է Հայաստան: Հույս ունենք, որ նման պաշտոնական այցերը կօգնեն մեր երկու երկրների միջև մեծացնել առևտրաշրջանառության ծավալները»,- ասել է նա: Նախատեսվում է մինչև տարեվերջ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի այցը Հայաստան: Մոհամադ Ռեյիսին հավատացրեց, թե նոր հնարավորություններ ստանալով՝ Իրանը երբեք չի ստորադասի Հայաստանի հետ հարաբերությունները: «Հայաստանի նման կարևորություն ունեցող երկրին Իրանը երբեք բաց չի թողնի ձեռքից: Հայաստանը մեզ համար տարածաշրջանում շատ կարևոր դեր ունի, դժվարություններ են այս տարիների ընթացքում առաջ եկել, որը պետք է վերացվի: Բանակցում ենք և հուսով ենք, որ լավ ընթացք և վերջավորություն կունենանք Հայաստանի հետ: Մեր առաջնահերթությունները մեր հարևան երկրների հետ են»,- ասաց նա:
Դեսպանը նշեց, որ վստահ է՝ մոտ ապագայում որոշ ծրագրեր, որոշ ներդրումներ կլինեն, Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն էլ ավելի կզարգանա:
Հարցին, թե Հայաստանին Իրանը դիտարկում է որպես Արևմուտքի հետ կապող օղակ, Իրանի դեսպանը պատասխանեց. «Հայաստանը մեզ համար միշտ հարևան երկիր է եղել և մեր հարաբերությունը միշտ շատ բարձր մակարդակի վրա ենք պահելու՝ անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն: Հայաստանը մեզ համար տարածաշրջանում շատ կարևոր դեր ունի»: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ծավալվող գործընթացներից, որպես տարածաշրջանի խաղաղ զարգացման սպառնալիք, Մոհամադ Ռեյիսին հաստատեց Իրանի դիրքորոշումը, որը հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով: «Տեղյակ եք՝ Մինսկի խումբը ջանում է խաղաղ բանակցությունների եղանակով խնդիրը լուծել: Ամենից լավ ճանապարհը այն է, որ բանակցությունների միջոցով խնդիրը լուծվի»,- ասաց նա: