Անկարայում երեկ անցկացվել է ազգային անվտանգության հարցերով հրատապ նիստ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նախագահությամբ, ասվում է վարչապետի վարչակազմի պաշտոնական հայտարարությունում։ Նիստը հրավիրվել է Սուրուչ քաղաքում ահաբեկչությունից, 3 ոստիկանների սպանությունից և թուրքական բանակի և «Իսլամական պետություն» կազմակերպության միջև ռազմական բախումներից հետո երկրում իրավիճակի կտրուկ սրացման կապակցությամբ։ «Վարչապետի գրասենյակում կայացած նիստում բազմակողմանի քննարկվել են մեր երկրի դեմ ուղղված ահաբեկչությունները, որոնք իրականացրել են ԻՊ-ն և Քրդական աշխատավորական կուսակցությունը վերջին օրերին։ Այս առումով ուսումնասիրվել են այդ ահաբեկչական հարձակումների դեմ ուղղված միջոցառումները, որոնց հետևանքով շատ քաղաքացիներ և անվտանգության ուժերի անդամներ են զոհվել։ Որոշվել է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները հասարակական կարգը և ազգային անվտանգությունը պահպանելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։