«Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կոնկրետ ազդեցություն կունենա Հայաստան-Իրան հարաբերությունների վրա»,- հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեյիսին: «Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը կկարողանա ավելի զարգացնել հարևանների հետ հարաբերությունները: Մենք Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, և այդ հարաբերություններն ավելի կզարգանան»,- վստահություն հայտնեց Ռեյիսին: Տարիներ ի վեր Հայաստանի և Իրանի ներկայացուցիչներն ամենաբարձր մակարդակով խոսում են համատեղ նախագծերի, այդ թվում՝ Մեղրիի ՀԷԿ-ի, Իրան- Հայաստան երկաթուղու, բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման մասին, սակայն գործը տեղից չի շարժվում: Իսկ մեկ այլ խոշոր նախագծի՝ Հայաստանում Իրանի սահմանի մոտ նավթավերամշակման գործարանի կառուցման մասին այլևս չեն էլ խոսում: Իրանի դեսպանը, այդուհանդերձ, վստահ է, որ առաջիկայում սպասվող պաշտոնական այցերը նոր խթան կդառնան երկկողմ հարաբերությունների զարգացման համար: «Հավանաբար առաջիկա մեկ ամսում Հայաստան կայցելի Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը: Այդ այցը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Իրան կատարած այցի պատասխանն է: Եթե այդ մակարդակի այցը կայանա, անշուշտ, իր ազդեցությունը կթողնի մեր հարաբերությունների վրա»,- ասաց Ռեյիսին: Ի՞նչ հարցերի շուրջ է Իրանի փոխնախագահը բանակցություններ վարելու Երևանում հարցին դեսպանը պատասխանեց. «Իրանի փոխնախագահ Ջահանգիրիի այցի ընթացքում նախ և առաջ քննարկվելու է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման հարցը: Այդ նախագիծը բավական լուրջ ներդրումների կարիք ունի: Թերևս տեղյակ եք, որ Իրանի ֆինանսական կարողությունները դեռևս սառեցված են, և ժամանակ է հարկավոր, որ այդ գումարները ամբողջովին ապասառեցվեն: Իրանի նպատակն է կյանքի կոչել այն նախագծերը, որոնք ստորագրվել են Հայաստանի հետ»,- ասաց դեսպանը: Դեսպանն անդրադարձավ նաև Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման նախագծին: «Այդ երկաթգծի կառուցման համար հարկավոր է 3 միլիարդ 200 միլիոն դոլար: Որպեսզի այն կյանքի կոչվի, ներդրող է պետք: Լուրջ ներդրող առայժմ չի գտնվել»: