Թուրքիայի անցումային կառավարության ներկայացուցիչ, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության անդամ Ալի Հայդար Քոնջան կարող է դուրս մնալ Թուրքիայի կառավարության կազմից։ Haber 7 կայքը տեղեկացնում է, որ համաձայն Թուրքիայի Սահմանադրության 109-րդ հոդվածի՝ նորանշանակ նախարարը կարող է ազատվել զբաղեցրած պաշտոնից։
Սահմանադրությունը նախատեսում է, որ եթե նախարարները երկրում հակաահաբեկչական գործողություններին դեմ դուրս գան, կամ Թուրքիային միջազգային հարթակում վատ դրության մեջ դնող հայտարարությամբ հանդես գան՝ նրանց դեմ կկիրառվի 109-րդ հոդվածը։ ԵՄ հարցերով պետնախարար Ալի Հայդար Քոնջան պատասխանել էր Հայոց ցեղասպանության մասին հարցին և ասել էր. «Ակնհայտ է ու պարզ, որ հայերի հանդեպ ջարդեր են տեղի ունեցել։ Սակայն հիմնական խնդիրը դեպքերի բնութագրության հարցն է։ Դա էլ մեր կուսակցության ներսում կքննարկենք և կհստակեցնենք»։ Նրա այս խոսքերը մեծ աղմուկ են բարձրացրել, նախարարը մեկնաբանել էր իր հայտարարությունը, նշելով, որ ինքը «ցեղասպանություն» բառը չի օգտագործել։