Գազով լիցքավորվող ավտոմեքենաների բազմաթիվ պայթյունների ու դժբախտ դեպքերի հիմնական պատճառը գազաբալոնների ոչ ճիշտ շահագործումն է՝ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ՏԿԱԻՆ գազասարքավորումների և վառելիքի օբյեկտների տեխանվտանգության փորձաքննության բաժնի պետ Ռուբեն Բադեյանը: «Շատ հաճախ գազաբալոնները տեղադրում են ոչ լիցենզավորված կազմակերպություններ: Եվ Գառնիի, և Չարենցավանի դեպքերում, երբ գազաբալոնի պայթյունի հետևանքով զոհեր եղան, պատճառն այն էր, որ լիցքավորվել են գազի համար չնախատեսված գազաբալոններ, որոնք տեղադրել են վարորդները և չեն համապատասխանել նորմերին, տեղադրման պայմանները նույնպես խախտված են եղել»,- ասաց մասնագետը: Որոշ դեպքերում կա նաև գազալցակայանների մեղավորությունը: Գազալցակայանի աշխատակիցը լիցքավորում անելիս փաստաթուղթ չի պահանջում: «Գազալցակայաններում, իհարկե, ճնշման գերազանցման դեպքեր տեղի ունենում են: Նախարարությունը տվել է հանձնարարական, որ վերահսկողական գործառույթ տրվի 911 ծառայությանը: Այդպես ոլորտը վերահսկելի կդառնա և ավելի գազ լիցքավորողն իր պատիժը կստանա»,- ասաց Ռուբեն Բադեյանը՝ նշելով, որ սպասում են վերահսկողության որոշմանը, որը կյանքի է կոչվելու կառավարության և նախարարության կողմից: ՏԿԱԻՆ աշխատակցի խոսքով՝ վերջին տարիներին դեպքերի աճ է գրանցվել, քանի որ «գազաբալոնների տնտեսությունը մաշվել է»: Բնական գազով շահագործվող մեքենաներով Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում առաջին տեղում է՝ 95 %: