Եթե Իրանն ու ՌԴ-ն չլինեին, Բաշար ալ-Ասադի իշխանությունը 24 ժամում կտապալվեր՝ իրանական «Ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա CNN հեռուստաալիքին հարցազրույցում, անդրադառնալով Սիրիային Իրանի և Ռուսաստանի ցուցաբերած աջակցությանը, նշել է. «Մենք բազմիցս մեր գործընկերների հետ քննարկել ենք այդ հարցը, քայլեր կան, որ պետք է Ռուսաստանը կատարի, քայլեր էլ կան, որ պետք է Իրանը կատարի, այդ երկու երկրներն էլ աջակցում են Սիրիային»:
Շարունակելով խոսքը՝ Էրդողանը հավելել է. «Անհանգստացած եմ, որ այդ երկրները ֆինանսական և ռազմական աջակցություն են ցուցաբերում Սիրիային, մի՞թե Սիրիան և «Իսլամական պետությունը» ներկայում հանցակիցներ չեն»: Իրանի Մեջլիսի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Սաֆար Նաիմի Ռազը, արձագանքնելով Էրդողանի հայտարարությանը, նշել է. «Թուրքիայի նախագահն այն դեպքում է նման հայտարարություն անում, երբ Թուրքիան, սահմանակից լինելով Իրաքին և Սիրիային, սերտ համագործակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, երբեմն էժան նավթ գնելու համար ԻՊ-ին աջակցություն է ցուցաբերել, ինչն էլ պատճառ է դարձել, որ այդ ահաբեկչական խմբավորումը տարածվի վերոնշյալ երկու մուսուլմանական պետություններում»:
Անդրադառնալով Թուրքիայում ստեղծված ներքաղաքական անկայուն իրավիճակին՝ Սաֆար Նաիմի ՌՌազը ասել է. «Էրդողանն առաջին հայացքից թվում է խարիզմատիկ գործիչ, սակայն նա փառասեր է և տառապում է «օսմանամոլությամբ»՝ ոչնչացնելով ճանապարհին հանդիպած ցանկացած խոչընդոտ: Էրդողանն իր գործելաոճը պետք է փոխի: Նա սխալվում է, եթե կարծում է, որ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան կարող են պաշտպանել «Արդարություն և զարգացում կուսակցության» շահերը»: