«Եթե չլինեին իշխանությունների ջանքերը` Ադրբեջանում կարող էր կրկնվել իրադարձությունների զարգացման սիրիական կամ լիբիական սցենարը»` հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության տնտեսական բլոկի նախարարների հետ խորհրդակցության ժամանակ: «Նախագահական ընտրություններից առաջ կայունությունը խաթարելու, Ադրբեջանը կործանելու փորձեր էին նկատվում: Միայն ադրբեջանական ժողովրդի, պետության թշնամիները կարող էին մասնակցել այդ ծրագրերի իրագործմանը», - ասաց Ալիևը՝ շարունակելով. «Մի՞թե մենք որևէ մեկին խանգարում ենք: Մենք բոլոր պետությունների հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված իրավահավասար հարաբերություններ ենք հաստատել: Մենք կարող ենք խանգարել միայն այն ուժերին, որ ցանկանում են ամենուրեք գերիշխանություն հաստատել և ամեն տեղ տեսնել իրենց խամաճիկներին»:
Իլհամ Ալիևը առանձնապես չէր էլ թաքցնում, որ իր համոզմամբ՝ Ադրբեջանի ապակայունացման փորձերը ձեռնարկում է Արևմուտքը: «Որոշ արտաքին ուժեր 2011 և 2012 թվականներին խոսում էին Ադրբեջանում «արաբական գարնան» մասին: Ասում էին, որ անխուսափելի է: Կայունությունը խարխլելու անհամար դեպքեր եղան: Տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել, որոնք «հինգերորդ շարասյան» միջոցով և ոչ կառավարական կազմակերպությունների հովանու ներքո պետք է մուտք գործեին Ադրբեջան, նպաստեին իրավիճակի ապակայունացմանը: Այստեղ ևս ցանկանում էին «Մայդան» կազմակերպել, սակայն մեր իրավապահները ժամանակին բացահայտեցին այդ բոլոր ծրագրերը»,- նշում էր Ալիևը` պնդելով, թե ադրբեջանական իշխանությունների գործադրած ճնշումներն էին միայն, որ թույլ տվեցին իր ղեկավարած երկրին խուսափել Մերձավոր Արևելքի ճակատագիրը կրկնելուց:
«Այսօր Եվրոպան բախվել է խոշորագույն մարդասիրական ճգնաժամին: Արտաքին ուժերի միջամտության պատճառով տեղահանված հազարավոր ներգաղթյալներ այսօր փախչում են Եվրոպա», - հայտարարում էր Ալիևը՝ վստահեցնելով իր ենթականերին, որ նույնը ադրբեջանցիների հետ հաստատ տեղի չի ունենա:
«Մեր ժողովուրդը վստահում է իր իշխանություններին», - նշում էր Ալիևը՝ ընդունելով, որ նավթի գնի կտրուկ անկումը լուրջ խնդիրներ է ստեղծել պաշտոնական Բաքվի համար: «Չեմ բացառում, որ նավթի գնի անկումը ևս քաղաքական պատվերի արդյունք է», - հայտարարում էր Ադրբեջանի նախագահը: