Օգոստոսի 10-ին անհայտ անձը «Մոլոտովի կոկտեյլ» է նետել Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքի վրա՝ հաղորդում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթը՝ վկայակոչելով լավատեղյակ անձի, որ չի բացահայտել անունը: Հյուպատոսության վերահսկողության տեսախցիկները արձանագրել են, որ գիշերը ժամը 3-ին մի մեքենա է կանգ առել շենքի մոտ, ուղևորը դուրս է եկել և դյուրավառ հեղուկով լի շիշը վառելով նետել շենքի ուղղությամբ: Նետված շշից այրման հետքեր են մնացել շենքի արտաքին պատի վրա և խանձվել են մոտակա ծառի ճյուղերը: Երբ Գլենդեյլի ոստիկանությունը հասել է հյուպատոսություն, հարձակվողներն արդեն փախել էին հանցանքի վայրից: Գլենդեյլի ոստիկանությունը և ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի անվտանգության ծառայությունը հետաքննում են հրկիզման փորձը: «Առաջին անգամ հայկական դիվանագիտական մի շենք հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ում, և հավանաբար՝ ամբողջ աշխարհում», - նկատում է «Կալիֆորնիա Կուրիեր»-ը: Գլենդեյլի ոստիկանության մամուլի խոսնակը թերթին ասել է, թե չի կարող մեկնաբանել, քանի դեռ միջադեպի հետաքննությունը շարունակվում է: