Երեկ Եվրախորհրդարանը երեք դատապարտող բանաձեւ է ընդունել: Դրանցից առաջինը վերաբերում է Ադրբեջանին: Եվրախորհրդարանը կոչ է արել հասցեական պատժամիջոցներ կիրառել այդ երկրի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղավոր են իրավապաշտպանների ու լրագրողների ձերբակալություններում: Բանաձեւը կոչ է անում դիտորդներ չուղարկել Ադրբեջանի նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին եւ պահանջել ԵԱՀԿ գրասենյակի աշխատանքի վերսկսումը: Երկրորդ բանաձեւը վերաբերում է Ռուսաստանին, որտեղ նույնպես մարդու իրավունքների լուրջ խախտումներ են գրանցվել, դա վերաբերում է Էստոնիայի տարածքից հատուկ ծառայության աշխատակցի առեւանգմանը եւ դատապարտմանը ռուսական դատարանում:
Եվրախորհրդարանը դատապարտել է նաեւ Թուրքիայի իրավիճակը, որտեղ հարձակումներ են իրականացվում քրդական կուսակցությունների գրասենյակների ու թերթերի խմբագրությունների վրա: Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը զրուցել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ եւ նշել է հակաքրդական տրամադրությունների անթույլատրելիության մասին: Քրդական կուսակցությունները պնդում են, որ հարձակումներն իրականացվում են իշխանության ու ոստիկանության թողտվությամբ:
Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ իր բացասական վերաբերմունքն է արտահայտել նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտը:
Ադրբեջանը կվերանայի իր հարաբերությունները Եվրոպայի հետ՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Ադրբեջանի գծով Եվրախորհրդարանի կանխակալ բանաձեւի կապակցությամբ, որն ընդունվել է սեպտեմբերի 10-ին, Ադրբեջանը հետաձգել է ԵՄ հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի շրջանակում նախնական քննարկումներ անցկացնելու համար Եվրահանձնաժողովի պատվիրակության եկող շաբաթ նախատեսվող այցը Բաքու», -ասվում է հայտարարության մեջ:
Եվրախորհրդարանի բանաձեւը կոչ է անում պատժամիջոցներ (ընդհուպ` քաղաքական) կիրառել պաշտոնական Բաքվի նկատմամբ մարդու իրավունքները կոպտորեն խախտելու համար: Բաքուն Եվրամիությանը մեղադրել է «հակադրբեջանականության» եւ «հակաիսլամիզմի» մեջ: «Ընդհանուր առմամբ` հակաադրբեջանական եւ հակաիսլամական միտումների պատճառով մենք պետք է վերանայենք մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքի մեջ:
Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը «ԱզերԹԱջ»-ին հայտարարել է, թե «Եվրախորհրդանը կորցրել է իրականության զգացումը»: Ադրբեջանի խորհրդարանի իրավական քաղաքականության եւ պետականաշինության հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին APA-ին ասել է, թե «պատժամիջոցների մասին Եվրախորհրդարանի կոչը ծիծաղելի է»: Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը հայտարարել է, թե «Եվրոպայի այդ առաջատար կառույցը, կարծես, տառապում է հակաադրբեջանական հիվանդությամբ»: Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդն այսօր կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ` Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի առնչությամբ: