Ադրբեջանի այսպես կոչված Ղարաբաղի ազատագրության կազմակերպության (ՂԱԿ) մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար երեկ Բաքու ժամանած Հայաստանի պատվիրակության դեմ, որի կազմում է աշխարհառչակ հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը: ՂԱԿ ղեկավար Աքիֆ Նաղիի գլխավորությամբ նրանք հավաքվել են «Ազնեֆտ» հրապարակում Մուղամի կենտրոնի շենքի մոտ, որտեղ պետք է անցկացվեր շախմատի աշխարհի գավաթի խաղարկության բացման արարողությունը: Շենքի մոտ ակցիայի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ դիմակայություն է եղել: ՂԱԿ անդամները բարձրաձայնել են «Հայե’ր, հեռացե’ք», «Դուք մարզիկներ չեք, ահաբեկիչներ եք», հակահայկական պաստառներ պարզել: Նրանք փորձել են մտնել արարողության անցկացման շենք, սակայն, հանդիպել են ոստիկանների դիմադրությանը: ՂԱԿ-ի անդամները ցուցադրաբար պատռել են Հայաստանի դրոշը եւ ոտքերով տրորել: ՂԱԿ-ը հայտնել է, որ ոստիկանությունը Աքիֆ Նաղիի հետ միասին կազմակերպության 8 անդամների բերման է ենթարկել Սաբաիլի շրջանի ոստիկանական բաժանմունք: Նրանք հայտարարել են, որ մինչեւ հայ շախմատիստների Ադրբեջանից հեռանալը «տարբեր ձեւերով» շարունակելու են իրենց բողոքները:
ՂԱԿ-ին ոգեւորել է, որ Շախմատի աշխարհի գավաթի առաջնությանը Հայաստանի թիմի մասնակցության վերաբերյալ նախօրեին ռասիստական հայտարարություն էր արել Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը: Չթաքցնելով ատելությունը հայերի հանդեպ՝ նա ասել էր, թե իրենք «մեծ զիջում են արել», որ համաշխարհային մակարդակի հայ շախմատիստ Լեւոն Արոնյանին թողել են «մուտք գործել Բաքու», քանի որ, նա«առանց Ադրբեջանի թույլտվության այցելել է Ղարաբաղ»: