ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ինչո՞ւ է պետք սատարել Լեռնային Ղարաբաղին

Ինչո՞ւ է պետք սատարել Լեռնային Ղարաբաղին
13.09.2015 | 10:49

Ֆրանսիական La Tribune-ը սեպտեմբերի 11-ին հրապարակել է Վիլյորբանի քաղաքապետ, նախկին պատգամավոր Ժան-Պոլ Բրետի, Մարսելի քաղաքապետ, պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի և Օ-դը-Սեն շրջանի պատգամավոր Ժան-Մարկ Ժերմենի հոդվածը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ «Ինչո՞ւ է պետք սատարել Լեռնային Ղարաբաղին» վերնագրով:
«Անդամակցելով Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակին՝ մենք բազմաթիվ ֆրանսիացի քաղաքական գործիչներս՝ պատգամավորներս, սենատորներս, սատարում ենք երիտասարդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացմանը: Եվրոպայում ճգնաժամի սրման պայմաններում մեզ թվում է, որ եկել է պահը՝ բացատրելու մեր այս պարտավորության ստանձնման պատճառները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ունի 150 000 բնակիչ և Ֆրանսիայի երկու դեպարտամենտի հավասարաչափ տարածք, գտնվում է Հարավային Կովկասում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև: Ինքնորոշված այս երկիրը, որ դեռևս չի հասել միջազգային ճանաչման փուլին, որպես այդպիսին ռազմավարական շահ չի ներկայացնում Ֆրանսիայի համար, բայց ներկայացնում է ավելին, քանի որ որպես զարգացման մոդել է ընտրել Ֆրանսիան:
Մեր երկիրն այնպես է կառուցվել, որ հնարավորություն ընձեռի բոլոր քաղաքացիներին օգտվել երկրի բարգավաճման արդյունքներից, տնտեսական այնպիսի մի համակարգ է կյանքի կոչվել, որը համատեղում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ազատությունը և սոցիալական առաջընթացը՝ մեր հասարակության միասնականությունը պահպանելու նպատակով:
Ամենուր և այսօր մինչև իսկ Եվրոպայում կարող ենք տեսնել, թե հասարակությանն ինչ վնաս կարող են հասցնել անհավասարակշիռ և քաղաքացիների նկատմամբ անարդար սոցիալական զարգացման մոդելները: Մենք սատարում ենք Լեռնային Ղարաբաղին, քանի որ այս երկրում պահանջվող համեստ ներդրումների համեմատ սոցիալական ժողովրդավարության արդյունքները անչափ մեծ են: Մենք սատարում ենք Լեռնային Ղարաբաղին, քանի որ նրա իշխանությունները ձգտում են և մինչև հիմա կարողացել են զարգացնել երկիրը չափավոր, հաստատուն և հատկապես բոլորին հասանելի տնտեսական աճի հիման վրա: Սա է այն առողջ հիմքը, որ մյուսների նկատմամբ եղբայրաբար տրամադրված ազգը երբեք չպետք է զոհաբերի անկանոն ցնորքների խորանին:


Բնակչություն, որը օգուտ է քաղում տնտեսական աճից
Արդեն 10 տարի Լեռնային Ղարաբաղում տարեկան տնտեսական աճը կազմում է 10 տոկոս: Այսօր արդեն իսկ երկրում բնակչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է 3000 եվրո, ինչը մոտ է Մարոկկոյի ցուցանիշին: Խոսքը վերաբերում է կայուն, բայց ոչ վայրի տնտեսական աճին, քանի որ պետությունը պահպանել է կարգավորման և ծրագրման իր դերը: Երկրի վերակառուցումը, որի վրա կենտրոնացվել է տնտեսական գործունեության մեծ մասը, երբեք չի իրականացվել պարենային ինքնապահովման և հետևաբար բնակչության անվտանգության երաշխավոր հանդիսացող գյուղատնտեսության ոլորտի հաշվին: Ավելին, պետությունը խրախուսում է ծառայությունների ոլորտի և բարձր տեխնոլոգիաների զարգացումը, որոնք ապագայում երկրին թույլ կտան դուրս գալ մեկուսացումից:
Պատասխանատու այս քաղաքականության արդյունքն է, որ Լեռնային Ղարաբաղում պահպանվում է զբաղվածության նախանձելի մակարդակ՝ 65 000 աշխատող, 5 տոկոսից ցածր գործազրկություն և բնակչության շարժի դրական արդյունք: Բացի այդ, իրար հաջորդող կառավարությունների վարած սոցիալական արդարություն ապահովելու քաղաքականության արդյունքում երկրի բնակիչների միջին եկամուտը համեմատելի է հարևան Հայաստանի և առավել հարուստ, սակայն երկրի հարստության վերաբաշխման շատ ավելի վատ համակարգ ունեցող Ադրբեջանի ցուցանիշների հետ: Լավ ապագայի հեռանկարով՝ սոցիալապես խաղաղ այս պետությունը տարեցտարի նվազեցնում է իր արտաքին պարտքը և այլևս նախկինի չափ կախված չէ Հայաստանի օգնությունից:


Բազմապատկել համայնքային զարգացումը՝ նպաստելով ժողովրդավարության ամրապնդմանը
Մենք ողջունում ենք Լեռնային Ղարաբաղի՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղին բռնելու կամքը՝ նույնիսկ իր համար խոչընդոտ հանդիսացող դեռևս միջազգային ճանաչման բացակայության պայմաններում: Ինչ վերաբերում է մեզ, այս ընտրությունը մեզ հոգեհարազատ է – Մարսելի, ինչպես և Վիլյորբանի՝ ղարաբաղյան համայնքների հետ ստորագրած Բարեկամության հռչակագրերը մեր այդ աջակցության խորհրդանիշն են՝ տեղական ժողովրդավարության մակարդակով, ինչը Լեռնային Ղարաբաղում, ինչպես այլ ազատ հասարակություններում՝ կարևոր դեր է խաղում ժողովրդավարության ամրապնդման համար:
Տնտեսական և սոցիալական փոխգործակցության միջոց դիտարկվող բարեկամության այս հռչակագրերով մենք համադրում ենք մեր ձեռնարկությունների տեղական զարգացումը Լեռնային Ղարաբաղի համայնքների կարիքների հետ: Այս հեռանկարը մեզ առավել մատչելի է, քանի որ արդեն իսկ ֆրանսասեր Լեռնային Ղարաբաղը ֆրանսախոսության զարգացման քաղաքականություն է վարում:
Աշխարհի անկանոն զարգացման պայմաններում տեղական մակարդակի հարաբերությունների ստեղծումով են բացվելու մտահորիզոնները և ազգերն իրար են մերձենալու: Այս տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղը օրինակելի և հուսադրող է:

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ