Թուրքիայում քրդական հարցը կապված է Հայոց ցեղասպանության հետ: Չկա գոնե մեկ հարց, որը կապված չէ ցեղասպանության հետ, դա մեր ազգային ոճն է՝ Worldcrunch-ում գրել է թուրք լրագրող, գրող, վավերագրող և Radikal-ի սյունակագիր ՈՒմիթ Քիվանչը: Թուրքիայի մահմեդական մեծամասնության՝ սուննիների յուրահատուկ գծերից մեկը, ըստ լրագրողի, ցատկերի հակումն է: «Ցատկ մեկ քայլ առաջ այն տեղից, որտեղ նրանք պետք է գտնվեին, ցատկ՝ նպատակ ունենալով ազատվել այս կամ այն պատմական խնդրից: Օրինակ՝ նրանք չեն կարողանում քննարկել Հայոց ցեղասպանությունը, քանի որ անհնար է խոսել այն ժամանակաշրջանի մասին, երբ ծրագրվեց և իրականացվեց ցեղասպանությունը: Նրանք փորձում են մարդկանց զանգվածային կոտորածն ու իրենց հայրենիքից տարհանումն արդարացնել «բայց, բայց...» բառերով և խոսելով «հայկական բանդաների և նրանց գործողությունների» մասին»,- նշել է ՈՒմիթ Քիվանչը:
Սակայն ոչ մի կերպ չեն ցանկանում դիտարկել հարցը, թե ինչպես և ինչու են ձևավորվել այդ «բանդաները»: «Քրդերի համոզմունքը, որ իրենց բանակ է անհրաժեշտ, ինչպես պետության, այնպես էլ սուննի մեծամասնության գործողությունների ուղղակի հետևանք է: Բազմաթիվ քրդեր, որ փորձել են փոփոխությունների հասնել քաղաքականության օգնությամբ, սպանվել են կամ բանտում են»,- ընդգծել է Քիվանչը: Լրագրողը հավելել է, որ հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքում քրդական քաղաքական կուսակցությունը՝ HDP-ն, կարողացավ խորհրդարանում 80 տեղ ստանալ, թուրքական պետությունն ասում է. «Ոչինչ չի նշանակում, որ այդ ուղին երկրի համար խաղաղ ապագա է խոստանում: Մեզ համար խաղաղ քաղաքականության ուղի չի լինի: Խաղաղություն չի լինի ձեր գյուղերում և քաղաքներում: Դուք ապրելու իրավունք չունեք, քանի դեռ ծնկի չեք եկել»: