ԵՄ ներքին գործերի նախարարները Բրյուսելում արտակարգ ժողովում քննարկում են փախստականների հարցը։ Նախօրեին Գերմանիան վերահսկողության լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել Ավստրիայի հետ սահմանին,որտեղից գալիս է փախստականների հիմնական ալիքը։ Ամեն օր հազարավոր փախստականներ մոտենում են Իտալիայի, Հունաստանի և Հունգարիայի սահմաններին։ ԵՄ նպատակն է ամեն երկրի համար հաշվարկված չափաբաժնով առաջիկա երկու տարում ապաստան տալ 160 հազար փախստականների։ Արդեն մոտ կես միլիոն փախստական է ժամանել Եվրոպա։ Միայն անցած կիրակի օրը 5809 փախստական է հասել Հունգարիա։ Բուդապեշտն ընդունել է օրենք, որ ապօրինի սահմանը հատողները կբանտարկվեն։ Փախստականների գերիշխող մասը փորձում է ապաստանել Գերմանիայում, որտեղ նրանց համար առավել բարենպաստ սոցիալական պայմաններ են ապահովում։ Բավարիայի վարչապետ Հորսթ Զիհոֆերը երեկ ասել է, թե ուրախ է, որ երկրամասը խստացրել է սահմանի հսկողությունը։ Նրա համոզմամբ՝ ԵՄ արտաքին սահմանների հսկողությունն անհրաժեշտ է խստացնել և պետք է համագործակցել Հունգարիայի հետ, քանի որ առանց այդ երկրի խնդիրը չի լուծվի։ Մյունխենը, որը փախստականների հիմնական թիրախն է, այլևս չի դիմանում հոսքին։ Սեպտեմբերի 12-ին ավելի քան 13 հազար միգրանտ է ժամանել Բավարիայի մայրաքաղաք։ Նրանք Գերմանիա են մեկնում Հունաստանից, Մակեդոնիայից, Սերբիայից, Հունգարիայից և Ավստրիայից։ «Մենք այլևս հասել ենք լիմիտի բարձրագույն շեմին և նոր խմբեր ընդունել չենք կարող»,- ասել է Բավարիայի ոստիկանության խոսնակը։
Գերմանիայում լույս տեսնող Bild պարբերականի փոխանցմամբ, իշխանությունը կարող է պարզապես վերականգնել առնվազն Ավստրիայի հետ սահմանը։ Բեռլինն այդ հարցի վերաբերյալ դեռ որևէ մեկնաբանություն չի տվել։
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը ասել է, որ միգրանտներին պետք է ուղարկել ԵՄ տարբեր երկրներ` հաշվի չառնելով նրանց ցանկությունը։ «Ապաստանի տեղի որոշման հարցում միգրանտն ընտրության ազատություն չի կարող ունենալ»,- ասել է նախարարը։ Միգրանտների մեծ մասին ժամանակավոր տեղավորում են Մյունխենի Օլիմպիահալլեում՝ մարզական համալիրում, որտեղ 1972-ին տեղի է ունեցել ամառային օլիմպիադան։ Սլովակիան վերականգնել է անցակետերը Հունգարիայի և Ավստրիայի հետ սահմաններին։ Խնդրին է անդրադարձել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը։ «Ես նշանակում եմ հատուկ նախարար, նա կզբաղվի սիրիացի միգրանտներով: Մենք պարտավորվում ենք առաջիկա հինգ տարում ապաստան տալ 20 հազար մարդկանց: Մենք նրանց պետք է ջերմ ընդունենք մեր երկրում»,- ասել է նա:
ԵՄ երկրների ներքին գործերի նախարարները համաձայնության են եկել Հունաստանում, Իտալիայում և Հունգարիայում ապաստանած 120 հազար փախստականներին ԵՄ տարածքում վերաբնակեցնելու շուրջ, բայց միության բոլոր երկրներում փախստականներին տեղակայելու համար պարտադիր քվոտաների հարցում նախարարներն ընդհանուր հայտարարի չեն եկել: Ծրագրին դեմ են Չեխիան, Հունգարիան, Սլովակիան և պնդում են, որ փախստականներին ընդունելու հարցը պետք է որոշի տվյալ երկրի ղեկավարությունը: