Պետք է մի կողմ դնել աշխարհաքաղաքական նկրտումները, հրաժարվել երկակի ստանդարտներից, սեփական կոնյունկտուրային նպատակներին հասնելու համար ահաբեկչական խմբավորումներին ուղղակի կամ անուղղակի օգտագործելու՝ այդ թվում ինչ-որ մեկի համար անցանկալի կառավարություններն ու ռեժիմները փոխելու քաղաքականությունից՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ գագաթնաժողովում։ Պուտինը շատ լուրջ է որակել իրադրությունը Սիրիայում, Իրաքում ու Մերձավոր Արևելքում։ Նա հիշեցրել է, որ այստեղ ԻՊ խմբավորումը վերահսկում է տարածքների զգալի մասը։ «Ահաբեկիչները արդեն հրապարակայնորեն խոսում են, որ Մեքքայի, Մեդինայի, Երուսաղեմի վերաբերյալ նույնպես ծրագրեր ունեն։ Նրանք մտադիր են տարածել իրենց գործունեությունը Եվրոպայի, Ռուսաստանի, Կենտրոնական ու Հարավարևելյան Ասիայի տարածքների վրա»,- ասել է ՌԴ նախագահը: Նրա խոսքով ՝ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ ԻՊ շարքերում գաղափարախոսական մշակում ու ռազմական պատրաստվածություն են ստանում աշխարհի բազմաթիվ երկրներից, «այդ թվում, ցավոք, նաև եվրոպական երկրներից, ՌԴ-ից ու Խորհրդային Միության նախկին հանրապետություններից» հավաքագրված գրոհայինները։ «Եվ, իհարկե, մեզ մտահոգում է նրանց հնարավոր վերադարձը մեր տարածքներ։ Տարրական առողջ դատողությունը, գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության համար պատասխանատվությունը պահանջում են միավորել համաշխարհային համայնքի ջանքերը՝ այդ սպառնալիքի դեմ պայքարում»։