Ըստ սոցիոլոգների, չնայած վերջին շրջանի ճնշումներին՝ քրդամետ կուսակցությունը ընտրություններում ի վիճակի է կրկնել հունիսյան հաջողությունը: Թուրքիայի արևելքում քրդերի հետ չդադարող արյունալի բախումների ֆոնին երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի ժողովրդականությունն անկում է ապրում՝ վկայում են Թուրքիայի ամենահեղինակավոր սոցիոլոգիական ծառայություններից մեկի` MetroPoll-ի վերջին հետազոտության արդյունքները: Սեպտեմբերի 2-5-ին 2,5 հազար քաղաքացիների հարցման արդյունքները վկայում են, որ այսօր Թուրքիայի բնակիչների մեծամասնությունը հավանություն չի տալիս Էրդողանի գործունեությանը: Թուրքերի 54 տոկոսին Էրդողանի գործունեությունը երկրի նախագահի պաշտոնում չի գոհացնում: 38 տոկոսի համոզմամբ, սակայն, նրա առաջին տարին նախագահի պաշտոնում հաջողված էր: Էրդողանի ժողովրդականության անկմանը զուգահեռ՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բարելավել է վարկանիշը: MetroPoll-ի տվյալներով՝ այսօր իշխող կուսակցությանն աջակցում է չափահաս բնակչության 4,5 տոկոսը․ դա կես տոկոսով ավելին է, քան հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որոնց արդյունքում թուրք իսլամիստներն առաջին անգամ 2002-ից ի վեր կորցրին միանձնյա կառավարություն ձևավորելու իրավունքը: «Չնայած այս աճին, այդուհանդերձ, քիչ հավանական է, որ նոյեմբերի 1-ի արտահերթ ընտրություններում «Արդարություն և զարգացում»-ը կարողանա միակուսակցական կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ թվով քվեներ ստանալ», - CNN Turk հեռուստաընկերության եթերում հայտարարել է MetroPoll սոցիոլոգիական ծառայության ղեկավար Օզեր Սենջարը: Նրա խոսքով՝ ընդդիմադիր կուսակցությունների վարկանիշները գրեթե նույնությամբ կրկնում են հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները: Թուրքիայի մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը` ժողովրդահանրապետական կուսակցությունը, նոյեմբերի 1-ին կարող է ստանալ քվեների ավելի քան 27 տոկոսը` հունիսին արձանագրած 25 տոկոսի դիմաց: «Ազգայնական շարժում» կուսակցությունը, թուրք սոցիոլոգների պնդմամբ, կարող է հավակնել ընտրողների ձայների 15 տոկոսին: Քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը, ըստ MetroPoll-ի, չնայած վերջին շրջանի ճնշումներին՝ ի վիճակի է կրկնել հունիսի 7-ի ընտրությունների հաջողությունը, ստանալով քվեների 13 տոկոսը: Եթե թուրք սոցիոլոգների կանխատեսումները իրականանան, թուրք իսլամիստները երկրորդ անգամ մեկ տարում չեն կարողանա միակուսակցական կառավարություն ձևավորել` ստիպված լինելով կրկին կոալիցիոն բանակցություններ սկսել ընդդիմության հետ: