Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտային պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի, հարկերից խուսափելու և փողերի լվացման մեջ: 42-ամյա Պոնտան այս մեղադրանքները մշտապես հերքել է և հայտարարել, թե դատախազությունը «շահարկում է հասարակական կարծիքը»: Դատախազությունը հայտարարել է, որ ավարտել է հետաքննությունը և գործը փոխանցել գերագույն դատարանին: Պոնտան հրաժարվել է մինչև 2016-ի դեկտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրությունները հրաժարական տալ և առայժմ չի մեկնաբանել հետաքննության ավարտի մասին հայտարարությունը: Հունիսից սկսված քրեական գործը առնչվում է Պոնտայի անցյալին, երբ նա փաստաբան էր և խորհրդարանի պատգամավոր: