ԱՄՆ-ի Պենտագոնի ղեկավարի օգնականի տեղակալ Էվելին Ֆարկասը սպեկուլյացիա է անվանել ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսական խաղաղարարների տեղակայման լուրերը: «Այդ խոսակցությունները սպեկուլյացիա են: Ռուսաստանը Մինսկի գործընթացի մասնակից է, որին մասնակցում են Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները, եթե ապագայում այդպիսի ծրագիր առաջ գա, հավատում եմ, որ բաց քննարկման կդրվի Մինսկի խմբի մյուս մասնակիցների հետ»,- Բաքվում ճեպազրույցում հայտարարել է Ֆարկասը: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է հետխորհրդային տարածաշրջանում չլուծված հակամարտությունների առկայությամբ և մշտապես վերահսկում է այդ հարցը: «Մենք հակամարտությունների արդար լուծման ուղիներ ենք փնտրում՝ հետևելով միջազգային իրավունքի նորմերին»,- ընդգծել է Պենտագոնի ներկայացուցիչը: