ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությանը շատ լուրջ պետք չէ վերաբերվել

ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությանը շատ լուրջ պետք չէ վերաբերվել
23.09.2015 | 10:26

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունը՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ու հետևանքների մասին, մասնավոր կարծիք է և չի ներկայացնում ԱՄՆ-ի դիրքորոշումը, իսկ մասնավոր գնահատականներին, հայտարարություններին չպետք է լուրջ վերաբերվել։ Ռիչարդ Միլսը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ-ի աջակցությամբ կոռուպցիայի դեմ պայքարին՝ նշել էր. «Հայաստանի հետ կապված մեր նպատակները շատ պարզ են՝ մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ազատ, բարգավաճ և բարիդրացիական հարաբերություններ ունենա իր հարևանների հետ: Իսկ կոռուպցիան խոչընդոտում է այդ նպատակների իրականացմանը բոլոր մակարդակներում: Կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճին, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և անգամ, կարծում եմ, երկրի ազգային անվտանգությունը, որտեղ կոռուպցիա կա, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել ձեր երկրի զարգացումը: Քանի որ մենք ընդհանուր նպատակներ ունենք, ցանկանում ենք օգնել Հայաստանի ժողովրդին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ… Հարցն այն է, թե պետությունն ունի՞ կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ գործիքներ և կամք, և կա՞ այն քաղաքացիական հասարակությունը, որը պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ և օգնել այդ պայքարում….»:
Դեսպանն ասել էր՝ եթե չլուծվի կոռուպցիայի խնդիրը, լուրջ խնդիրներ կլինեն նաև ներդրումների ոլորտում: «Ես մեծ ջանքեր եմ գործադրում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային հարաբերությունները, ներդրումները խրախուսելու ուղղությամբ: Ես կարծում եմ, որ դրա վրա կենտրոնանալու ժամանակն է: Սակայն ամերիկյան ներդրումներով հրապուրելու համար ներդրողները պետք է իմանան, որ մուտք են գործում մի միջավայր, որտեղ բոլորին նույն կերպ են վերաբերվում, որտեղ չկա անարդար մրցակցություն, պետական ծառայությունները հավասարապես հասանելի են բոլորին: Եվ եթե հակակոռուպցիոն խորհուրդը չլուծի այս խնդիրները, կարծում եմ՝ դա կվնասի այստեղ ներդրումներ կատարելու հնարավորությունները»:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանն ասել է. «Պարզապես իմ ցանկությունն այն կլինի, որ դիվանագիտական կորպուսի աշխատողները, առավել ևս մեծ տերությունների դեսպանները, զբաղվեն դիվանագիտական ու քաղաքագիտական գործունեությամբ և նման գնահատականներ չտան։ Ես դա մասնավոր կարծիք եմ համարում… Ընդհանրապես ցանկացած հայտարարությունից՝ լինի դեսպանի, թե շարքային քաղաքացու, պետք է հետևություն անել, բայց դրան շատ լուրջ վերաբերվել և պաշտոնական պատասխան տալ չեմ կարծում, թե պետք է»։

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ