Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հանդիպելուց մեկ օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասին: Նրանք քննարկել են համագործակցության ակտուալ հարցեր և տեսակետներ են փոխանակել տարածաշրջանային օրակարգի շուրջ: Ողջունելով հյուրին՝ ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել, որ Մահմուդ Աբասը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Մոսկվայի նոր մզկիթի բացման արարողությանը, որ նա անվանել է մեծ իրադարձություն Ռուսաստանի բոլոր մուսուլմանների կյանքում:
ՌԴ նախագահի հետ հանդիպումը Մահմուդ Աբասն անվանել է պատմական պահ, երբ աշխարհում տեղի են ունենում շատ իրադարձություններ, որոնք կարևոր են ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի համար: Նա ասել է, որ Պաղեստինը մեծ լարում է ապրում Երուսաղեմում ստեղծված իրավիճակի պատճառով, Իսրայելը շարունակում է վերաբնակեցման ծրագիրը, իսկ հրեա վերաբնակիչները ահաբեկչական գործունեություն են ծավալում ու ամեն օր սպանում են պաղեստինցի երիտասարդներին: Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր նստաշրջանին մասնակցելու համար մեկնելուց առաջ Մահմուդ Աբասը անհրաժեշտ է համարել ՌԴ նախագահի հետ խորհրդակցել, թե ինչ քայլեր կարելի է ՄԱԿ-ում ձեռնարկել: Նա նշել է, որ երկու երկրներին էլ մտահոգում է Սիրիայի իրավիճակը: Պաղեստինը կարծում է, որ պահը հասունացել է, երբ բացվել են քաղաքական լուծման դռները: Նա նաև բողոքել է, որ Թել Ավիվը ցանկանում է Ալ Աքսա մզկիթը բաժանել մուսուլմանների և հուդայականների միջև՝ սահմանել վայրը և ժամանակը, երբ մուսուլմանները կարող են մզկիթում աղոթել իրենց աստծուն, հրեաները՝ իրենց: Պատմականորեն Ալ Աքսա մզկիթը և հրեաների, և մուսուլմանների սրբավայրն է: