ԵԱՀԿ ՄԽ համանախագահները անհամբերությամբ սպասում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կուլիսներում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը, որի նպատակն է նախապատրաստել երկու երկրների նախագահների հերթական հանդիպումը՝ Trend-ին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը։ Նրա խոսքով՝ այս տարի Մինսկի խմբի համանախագահները կարողացել են առաջընթաց գրանցել ղարաբաղյան հակամարտության համապարփակ համաձայնագրի որոշ տարրերի շուրջ բանակցություններում և հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում նվազեցնել լարվածությունը։ «Մենք հույս ունենք, որ նախագահները կհամաձայնեն հանդիպել մինչև տարվա վերջ։ Համանախագահներն այդ պլանները կքննարկեն երկու երկրների արտգործնախարարների հետ ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում։ Մենք միշտ պատրաստ ենք կազմակերպել երկու երկրների նախագահների հանդիպումը»,- ասել է դիվանագետը։ Մեկնաբանելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների սրման ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա՝ համանախագահը նշել է, որ երկու երկրները հավատարիմ են Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման ընդհանուր նպատակներին և այն կարծիքին, որ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով։
«Չնայած ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև այլ ոլորտներում համագործակցության տարաձայնություններին՝ մենք սերտորեն համագործակցում ենք ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում երկարաժամկետ կարգավորման համար, որը կվերակառուցեր Հարավային Կովկասը»,- ասել է նա։