ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցել է ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը

Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցել է ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը
27.09.2015 | 19:45

Երեկ ՀՀ արտգործնախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցել է ՀԱՊԿ-ի արտգործնախարարների հանդիպմանը։ Նախարարները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի 2015 թվականի սեպտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցեր։ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի անդամներն անդրադարձել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի օրակարգային հարցերին։ Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել գործընթացներին Սիրիայում և Իրաքում։
Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերներին տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի սադրանքների, հրադադարի կոպիտ խախտումների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և այդ կապակցությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ։
Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին հանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատվոգիրը՝ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդման գործում ակտիվ դերակատարության համար։
Երեկ Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ երկրների արտգործնախարարների՝ Սենեգալի նախագահության կազմակերպած հանդիպմանը։ Անդրադառնալով երկու շաբաթից Երևանում մեկնարկող ՖՄԿ արտգործնախարարների 31-րդ համաժողովին՝ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է հանդիպման օրակարգում ընդգրկված հարցերը և նշել, որ Հայաստանն ուրախ է հյուրընկալելու նման հեղինակավոր և ներկայացուցչական միջազգային կոնֆերանսը։ Նա անդրադարձել է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, հակամարտությունների կարգավորմանը, անհանդուրժողականության և այլատյացության դեմ պայքարին, վերջին շրջանում մեծ թափ ստացած միգրացիոն հոսքերին առնչվող խնդիրներին, Փարիզում այս տարվա վերջին կայանալիք կլիմայական փոփոխություններին նվիրված գագաթնաժողովին։ Ընդգծելով, որ Երևանում կայանալիք արտգործնախարարների համաժողովին սպասվում է շուրջ 80 անդամ և դիտորդ պատվիրակությունների մասնակցություն՝ Հայաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ երևանյան հանդիպումը կարևոր ներդրում կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամրապնդման և միջազգային բեմահարթակում նրա դերակատարության բարձրացման գործում։

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ