Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության ճանապարհով, և այս համատեքստում, բռնությունները չեն կարող հարցի լուծում լինել՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ճեպազրույցներում հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը: «Այս պահին ընթանում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները, և այդ համատեքստում, բռնություններն անընդունելի են և չեն կարող հարցի լուծում համարվել»,- ասել է Բրասերը: Նա ընդգծել է, որ ոմանք իրենց հորդորում են չխառնվել բանակցային գործընթացին` հիշեցնելով, որ հակամարտող կողմերը ԵԽԽՎ անդամ պետություններ են: «Մենք պետք է հարցի լուծումը գտնենք երկխոսության միջոցով: Մենք ԵԽԽՎ դահլիճում տեսնում ենք երկու երկրների միջև առկա լարվածությունը, որը հարկավոր է թուլացնել, նվազագույնը` գտնել խնդրի կարգավորման ուղին, քանի որ այդ ամենի հետևանքով առաջին հերթին տուժում է տարածաշրջանի ժողովուրդը: Այդ մարդիկ ևս Եվրոպայի խորհրդի անդամ են, և նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն»,- նշել է Անն Բրասերը: