Ֆրանսիան բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում հետևել, որ հայ-ադրբեջանական սահմանին որևէ միջադեպ այլևս չլինի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթից հետո մամուլի ասուլիսում ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Ելիսեյան պալատի կայքը հաղորդում է, որ Օլանդը, պատասխանելով Հայաստանի սահմաններին Ադրբեջանի ագրեսիայի վերջին դեպքերի մասին հարցին, նշել է, որ Փարիզը պատասխանատվություն է զգում, քանի որ Ֆրանսիան այն կառույցի համանախագահներից է, որի նպատակը հակամարտությանը լուծում գտնելն է։ «Այդ պատճառով մենք խնդրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին հետևել, որ սահմանին այլևս միջադեպեր չլինեն։ Եվ մենք ջանքեր ենք գործադրում մեր միջնորդությունը շարունակելու համար։ Դուք գիտեք, որ վերջերս ես այցելեցի Հայաստան և Ադրբեջան, որպեսզի ասեմ այս նույնը, որպեսզի մենք կարողանանք կայուն լուծում գտնել այս հակամարտությանը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։