Reutersը հայտնում է, որ Իրանը պատրաստվում է ցամաքային ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում։ Դեռևս 10 օր առաջ հարյուրավոր իրանցի զինվորականներ են ժամանել Սիրիայի հյուսիսային շրջան։ Բաշար Ասադի բանակի հետ միասին իրանցիները փորձելու են վերադարձնել այն շրջանները, որոնք այսօր վերահսկվում են Ասադի ընդդիմադիրների և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից։ Reuters-ը նաև հայտնում է, որ իրանցի զինվորականներն ու Սիրիայի բանակն այդ գործողություններն իրականացնելու են ռուսական օդուժի հետ միասին։ Արևմտյան աղբյուրներն արդեն երկու օր հայտնում են, որ ռուսական օդուժը ռմբակոծում է նաև Սիրիայի ընդդիմադիրների դիրքերը, իսկ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ ռուսական ռազմական օդանավերը ռմբակոծում են այն շրջանները, որտեղ չկան «Իսլամական պետության» ներկայացուցիչներ, և պահանջել է Մոսկվայից՝ դադարեցնել ռմբակոծությունները։ Սիրիական «Ջեյշ ալ-Իսլամ» կազմակերպությունը, որը ֆինանսավորում է Սաուդյան Արաբիան, Ռուսաստանին պատերազմ է հայտարարել։ Չի բացառվում, որ ռուսական ռազմական օդանավերը գործողություններ իրականացնեն նաև Սիրիայի սահմաններից դուրս։
Մոսկվան երեկ հայտարարել էր, որ եթե Իրաքը օգնություն խնդրի, պատրաստ են ահաբեկիչների դեմ պայքարում օգնել նաև Իրաքին։ Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին նույն օրը երեկ արձագանքել էր, որ ինքը կողջուներ, եթե ռուսական ռազմական օդանավերը իր երկրի տարածքում ռմբակոծեին «Իսլամական պետության» դիրքերը: