2003 թվականից մեկնարկած Եվրամիության Եվրոպական հարևանության քաղաքականությունը (European Neighborhood Policy) մեծ ձախողում էր՝ գրել է Փոլ Թեյլորը Reuters գործակալությունում հրապարակված հոդվածում:
«Ընկերների շրջանակ» ստեղծելու Եվրամիության երազանքը, ըստ հեղինակի, իսկական մղձավանջի է վերածվել, քանի որ այդ շրջանակի սահմաններից դուրս հակամարտությունները նպաստեցին դեպի Եվրոպա փախստականների մեծ հոսքին: «Ի տարբերություն արևելյան ընդլայնման, որը նախկին կոմունիստական երկրներին օգնեց վերածվել բարգավաճող շուկայական ժողովրդավարության, 2003 թվականին մեկնարկած Եվրոպական հարևանության քաղաքականությունը մեծ ձախողում էր: Այդ ծրագիրն արևելքի և հարավի 16 երկրների Եվրամիության ժողովրդավարական, վարչական և տնտեսական նորմերն ընդունելու դիմաց գումար, տեխնիկական աջակցություն և դեպի շուկա ելք առաջարկեց, բայց ոչ անդամակցություն»,- ընդգծել է հոդվածագիրը: «Երբ դիտարկում ենք ներկա իրավիճակը, դժվար է չեզրակացնել, որ մենք շրջապատված ենք ոչ թե «ընկերների շրջանով», այլ «կրակի շրջանով»,- Շվեդիայի նախկին վարչապետ և ԱԳ նախարար Կառլ Բիլդտի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
Փոլ Թեյլորի համոզմամբ, ԵՄ շրջապատի կայունացման և ժողովրդավարացման ձախողման պատճառներից են նաև Բրյուսելի վերահսկողությունից դուրս գտնվող ուժերը՝ ԽՍՀՄ-ի փլուզման պատճառով Ռուսաստանի վրդովմունքը, Մերձավոր Արևելքում քաղաքական և միջկրոնական տարաձայնությունները: ««Արևելյան գործընկերության» անդամ 6 երկրներից 5-ը՝ ՈՒկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Հայաստանն ու Ադրբեջանը, թուլացել են չլուծված «սառեցված հակամարտություններից», որոնցում Մոսկվան դեր ունի: Իսկ վեցերորդ երկիրը՝ Բելառուսը, այնքան բռնապետական է, որ արժանացել է ԵՄ պատժամիջոցներին և դուրս է մնացել ազատ առևտրի մասին համաձայնագիրը կնքելու գործընթացի շարունակությունից»,- նշված է հոդվածում: ԵՄ պաշտոնատար անձինք արդեն խոստովանում են, որ հարևան երկրների ներգրավմանն ու ձևափոխմանն ուղղված շրջանակները հենց սկզբից խափանվեցին՝ ծիծաղելի ամբարտավանության և միամտության պատճառով: «ԵՄ-ն չափազանց քիչ էր առաջարկում՝ ի տարբերություն բազմաթիվ նախապայմանների և խիստ վերահսկողության, որը Մինսկի և Բաքվի, Կահիրեի և Ալժիրի բռնակալ առաջնորդներն ու տեղական օլիգարխները բնազդաբար սպառնալիք էին համարում իրենց շահերին: Այդ մոտեցումը ենթադրում էր, որ Հյուսիսային Աֆրիկայի կամ Հարավային Կովկասի երկրների խմբերը համագործակցելու և առևտուր են անելու միմյանց հետ, երբ իրականում նրանք միասին աշխատելու ցանկություն չունեին»,- փաստում է Reuters-ը: Ներկայում ԵՄ Հարևանության քաղաքականությունը հիմնավորապես վերանայվում է՝ անցում կատարելով ավելի համեստ, ճկուն և տարբերակված մոտեցումների, որոնք կներկայացվեն նոյեմբերի 17-ին: Մնում է տեսնել, արդյո՞ք նոր մոտեցումներն ավելի արդյունավետ կլինեն:
Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան, ներկայում Եվրոպական բարեփոխումների կենտրոնի փորձագետ Յան Բոնդը ԵՄ ներկա քաղաքականությունը կոչում է «անհետևողականության և ցանկալին իրականություն ներկայացնելու անկարգություն»: «ԵՄ հարևանների շրջանակը պետք է սպասի լավագույն ժամանակների: Ներկայում Եվրամիությունը ցանկանում է պաշտպանված լինել ջրհեղեղներից»,- ամփոփել է Փոլ Թեյլորը: