ՀԱՊԿ-ի համար անընդունելի է այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին՝ «Բաղրամյան» զորավարժարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Մեզ համար անընդունելի է, որ ռմբակոծվել են Հայաստանի տարածքները, ծանր զինատեսակներ են օգտագործվել խաղաղ բնակչության դեմ: Նման դեպքերը մեզ համար բացարձակ անընդունելի են»,- հայտարարել է Բորդյուժան: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ իրենց անհանգստացնում է, որ ՀԱՊԿ-ի խորհրդի, Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների արտաքին գործերի նախարարների հայտարարությունները հարևան երկրի` Ադրբեջանի վրա որևէ ազդեցություն չեն թողնում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որ ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորում ստանա, և իրավիճակն ավելի չսրվի: Նրա խոսքով՝ ներկայում Իրաքում, Սիրիայում և աշխարհի այլ «թեժ կետերում» տիրող իրավիճակը հաշվի առնելով` չպետք է թույլ տալ, որ ևս մեկ «թեժ կետ» առաջանա: