ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը, արձագանքելով ամերիկացի կոնգրեսականների առաջարկներին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի խախտումների կանխմանը, հայտարարել է, որ աջակցում է նախաձեռնությանը: Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա վստահեցրել է, որ կշարունակեն կատարել բոլոր քայլերը, որոնք կարող են հանգեցնել կարգավորման:
Սեպտեմբերին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը և դեմոկրատ Էլիոթ Ինգլը կոնգրեսական գործընկերներին հորդորել էին միանալ Լեռնային Ղարաբաղի շփման գծում խաղաղության պահպանման գործում ԱՄՆ-ի առաջնորդության վերականգնման երկկուսակցական կոչին: Կոնգրեսականները նամակ են հասցեագրել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին՝ առաջարկելով երեք քայլից բաղկացած իրենց ծրագիրը: Քայլերից առաջինն է՝ շփման գծից հետ քաշել բոլոր դիպուկահարներին: Բացի այդ, Ռոյսն ու Ինգլը կոչ են անում ավելացնել շփման գծում իրադրությանը հետևող ԵԱՀԿ-ի դիտորդների քանակը, նույն կազմակերպության հովանու ներքո ճակատային գծում հատուկ տեխնիկական միջոցներ տեղադրել, որոնք կտեսագրեն և կձայնագրեն տեղաշարժը: Նախաձեռնության հեղինակների համոզմամբ՝ այդ համակարգի ներդրումը հնարավորություն կտա ֆիքսել շփման գծի երկայնքով իրականացված բոլոր հարձակումների աղբյուրները: «Մենք լիովին աջակցում ենք կոնգրեսականներ Ռոյսի և Ինգլի առաջարկած նախաձեռնությանը։ Վստահության կառուցմանն ուղղված քայլերը և հասարակություններին վերաբերող ծրագրերը նվազեցնում են լարվածությունը և հիմք դնում երկարատև խաղաղության հաստատման համար», - Հայաստանի հանրային հեռուստատեսությանը ասել է դեսպան ՈՒոռլիքը՝ նշելով, որ համանախագահները կողմերին բարձրաձայնել են բոլոր այդ նախաձեռնությունների մասին և այսուհետ էլ կշարունակեն կատարել բոլոր քայլերը, որոնք կարող են հանգեցնել բանակցված կարգավորման: