ԱՄՆ-ի Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովը հրապարակել է 70-էջանոց զեկույց Ադրբեջանի ներգրավվածությամբ կոնգրեսականների կոռուպցիոն գործի առնչությամբ: Զեկույցին կցված է նաև հանձնաժողովի հետաքննության 1000 էջից բաղկացած արդյունքը՝ տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ-ի հանձնախումբը: «Մենք ողջունում ենք Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովի սկզբունքային դիրքորոշումը կառավարության թափանցիկության և հաշվետվության հարցում»,- ասել է Հայ դատի ԱՄՆ-ի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը՝ նշելով, որ զեկույցի հրապարակումից հետո ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան ամբողջությամբ ստանալու տեղեկատվություն, թե ինչպես է օտարերկրյա բռնապետը փորձում մանիպուլյացիայի ենթարկել ԱՄՆ-ի ժողովրդավարական համակարգը: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովը հետաքննություն էր սկսել Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից ԱՄՆ-ի 10 կոնգրեսականների ճամփորդությունների ծախսերը հոգալու դեպքի առթիվ: Հանձնաժողովի փաստաթղթում նշվում էր, որ գումարը կոնգրեսականներին փոխանցվել է Հյուսթոնում գործող հասարակական կազմակերպության միջոցով: Գործում ներգրավված կոնգրեսականներից 4-ը Տեխաս նահանգից են: «The Washington Post»-ը հաղորդել էր, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ամբողջությամբ հոգացել է Բաքվում 2013 թ. կայացած համաժողովին ներկա գտնվելու համար ԱՄՆ-ի Կոնգրեսի 10 ներկայացուցիչների և նրանց անձնակազմի 32 անդամների ծախսերը: Ըստ հրապարակման ՝ նախագահ Օբամայի երեք նախկին օգնականները ևս համաժողովին հանդես են եկել որպես զեկուցողներ:
Օրենսդիրներն ու նրանց անձնակազմերի անդամներն ստացել են հազարավոր դոլարներ որպես գործուղման վճար, մետաքսե շարֆեր, բյուրեղյա թեյասպասք, ադրբեջանական գորգեր՝ 2,5-10 հազար դոլար արժողությամբ: Ճամփորդական հաշիվները ցույց են տվել, որ օրենսդիրների և նրանց կողակիցների ավիատոմսերի ծախսերը կազմել են 112 հազար 899 դոլար: Այն հանգամանքը, որ հասարակական կազմակերպությունները Կոնգրեսում ստել են, թե իբր իրենք են հովանավորել համաժողովին մեկնելու ծախսերը, ներկայացվել է Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովի քննարկմանը` պարզելու համար, թե չե՞ն եղել Կոնգրեսի կանոնակարգի և դաշնային օրենքների խախտումներ, այդ թվում՝ օտար երկրների կողմից ԱՄՆ-ի քաղաքականությանը միջամտելու փորձեր: Համաժողովը, որ կրում էր «ԱՄՆ-Ադրբեջան համագումար. ապագայի տեսլական» խորագիրը, կայացել է 2013-ի մայիսի 28-29-ին: