Թուրք-ռուսական հարաբերությունները չպետք է տուժեն Սիրիայի իրավիճակի պատճառով՝ հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։ «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում նա հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան երկար տարիներ խաղաղ ապրել են, և երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական ու առևտրային շատ լավ կապեր են հաստատված։ «Այդ հարաբերությունները չպետք է տուժեն Սիրիայում ինչ-որ քաղաքական շահերի պատճառով։ Թուրքիան, իրականում, մի երկիր է, որը կարող է պաշտպանել իր սահմանները։ Մենք իրավունք ունենք պահանջելու, որ անհապաղ վերջ դրվի թուրքական սահմանների խախտումներին, իսկ եթե ռուսներն ասում են, որ «սխալ» է տեղի ունեցել, պետք է հետքայլ անեն»,- հայտարարել է փոխվարչապետը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփբ Էրդողանը զգուշացրել էր, որ Մոսկվայի գործողությունները Սիրիայում «մեծ սխալ» են։