Նախ, մենք խոսում ենք մի նախագահի մասին, որ իր իշխանությունն ամրապնդում է հեռուստաէկրանների միջոցով։ Պուտինի համար հեռուստաէկրանների վրա ազդելը նշանակում է ազդել Ռուսաստանի վրա։ 1999-ից ի վեր Պուտինն իր ձեռքում է պահում Ռուսաստանի ճակատագիրը՝ աշխատեցնելով թեզը, թե «Ռուսաստանի ուժերը հակամարտության մեջ են ԱՄՆ-ի հեգեմոնիայի դեմ», և այդ քարոզչությունը տարածում են լրատվամիջոցներով՝ նախ՝ հեռուստաէկրաններին, և դա հաղթում է։ «ՈՒժեղ երկիր, որը քաղաքակրթություն է հասցնում Մերձավոր Արևելք և մաքրում Արևմուտքի ու բարբարոս ահաբեկիչների ստեղծած աղբը», «ուժեղ բանակ», «ուժեղ առաջնորդ», «առաջնորդ -փրկիչ, որի արդար դիրքորոշմանը համաձայնում են աշխարհի ազգերը». նման ազդակներ է հղում ռուսական պետական քարոզչամեքենան։ Որքան շատ է ռուս ժողովուրդը խոսում Ռուսաստանի սահմաններից դուրս տեղի ունեցող իրադարձությունների ու միջազգային հարթակներում դերակատարության մասին, այդքան քիչ է ուշադրություն դարձնում, թե իրականում ինչ է տեղի ունենում երկրի ներսում։
ՈՒկրաինայի պատերազմը, որ մի ակնթարթում բոլոր ռուսների ուշադրությունն իր վրա սևեռեց, երբ Պուտինի վարկանիշը նվազել էր, այժմ «առօրյա նորություն» է դարձել քարոզչամեքենայի համար։ ՈՒկրաինայի պատերազմով այլևս հնարավոր չէ Ռուսաստանում վառ պահել ազգայնականության կրակը։ Թերթերի առաջին էջերի համար նոր, ավելի ցնցող նորություն է պետք։ Բացի այդ, ԱՄՆ-ն ու Եվրոպայի ուժեղ երկրները, որոնց թվում էր, թե Ռուսաստանին փակուղի են մտցրել իրենց տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներով, պատրաստ են Պուտինի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Պուտինի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում որպես իրական հաղթանակ ներկայացրին ռուսական քարոզչալրատվամիջոցները։ Բոլոր նրանք, ովքեր ենթադրում էին, որ Ռուսաստանը դժվարին տնտեսական վիճակում է հայտնվել, որ Ռուսաստանը չի կարող հաղթել այդ պատերազմն ու «Պուտինի վերջը եկել է», պարզապես չգիտեն այդ հետաքրքիր երկիրը, որի հետ մենք շատ պատմական զուգահեռներ ունենք։ Իսկ գլխավորը՝ նրանք բացարձակապես չեն պատկերացնում, թե ինչպես է աշխատում Պուտինի ռեժիմը։ Պուտինը կարծում է, որ քաղաքականությունը խիստ ու դաժան պատերազմ է։ Այժմ, տարբեր գնահատականներով, ռուսների 14-39 %-ն է աջակցում սիրիական հակամարտությանը Ռուսաստանի միջամտությանը: Սակայն Կրեմլի քարոզչամեքենան դեռ նոր է սկսել աշխատել այդ թեմայի ուղղությամբ։ Եվ Պուտինը կենտրոնացել է, որ ոչ միայն հաղթի, այլև ոչ մի դեպքում չկորցնի իշխանությունը»։