Կան վայրեր, որոնք հարուստ են խորհրդանիշներով, որտեղ հիշողությունը պահպանում է կրած տառապանքի կնիքը, Հայաստանն այդ վայրերից է՝ Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանում հայտարարեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը: «Հայաստանը այսօր մեզ հյուրընկալում է գրկաբաց: Շնորհակալ ենք հայ ժողովրդին և Հայաստանին այն ամենի համար, ինչ նա բերում է ֆրանկոֆոնիային»,- ասաց գլխավոր քարտուղարը՝ նշելով, որ ֆրանկոֆոնիան պետք է նպաստի նաև նոր ճանապարհների բացմանը, նոր լուծումներին միջազգային նոր համատեքստում, որը դյուրին չէ և բախվում է բազմաթիվ խնդիրների: «Ֆրանկոֆոնիան վճռականորեն գտնվում է միջազգային բոլոր հարցերի կենտրոնում, և մեծ ակնկալիքներ կան ֆրանկոֆոնիայից այս համատեքստում, ոչ միայն, որ ամրապնդի համագործակցությունը, այլև համախմբի, կարողանա գնալ ընդառաջ իր գործընկերներին նաև մասնավոր ոլորտում»,- իր խոսքում նշեց Միկայել Ժանը: Ըստ նրա՝ ֆրանկոֆոնիայից ակնկալվում է, որ խոսի մեկ, ուժեղ ձայնով, կարողանա պահպանելու իր սկզբունքներն ու նպատակները: «Մենք պետք է ներգրավվածություն ունենանք այնպիսի կարևոր միջազգային հարցերում, ինչպիսիք են միգրացիոն հոսքերը՝ շեշտը դնելով հարավի վրա: Հարավի երկրները չունեն քվոտաներ, բայց իրենք ևս արժանի են, որ իրենց ձայնը լսելի լինի, միջազգային աջակցության արժանանան: Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք վերացնել ողբերգական միգրացիաների բոլոր պատճառները, որոնք անհանդուրժելի և նվաստացուցիչ են մարդկության համար: Մենք պետք է գտնենք լուծումները: Ֆրանկոֆոնիայի ներսում մենք շատ լավ գիտենք, որ ժամանակը հապաղել չի կարող»,- հայտարարեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը: