Իշխանության զավթումը ուժի միջոցով, ժողովրդավարությանը, իրավական պետությանը, հիմնարար ազատություններին և իրավունքներին վերաբերող ոտնձգությունները մեկ այլ դարաշրջանի վարքագծեր են՝ Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի բացմանը ասաց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը: «Ժողովրդավարությունը փոփոխական երկրաչափության սկզբունք չէ, որ կարող ենք ընդունել, մերժել կախված մեր նախընտրություններից, պարագաներից, շահերից: Առավել քան երբևէ վերահաստատենք, որ օրինականությունը պետք է լինի բոլորիս կանոնը, ուղենիշը, բոլորիս նկրտումը»,- նշեց նա: Ժանը կարևորում է ներգրավվածությունն արդիական հարցերում՝ ինչպիսին են միգրացիոն հոսքերը. «Կարևոր է վերացնել ողբերգական միգրացիաների խոր պատճառները, որոնք անհանդուրժելի են ու նվաստացուցիչ մարդկության համար: Մենք պետք է գտնենք լուծումները՝ լավագույն ձևով, առանց սպասելու, մենք պետք է լինենք ինովացիոն ուժերի հեղինակ: Ֆրանկոֆոնիայի ներսում մենք գիտենք, որ ժամանակը հապաղելու հնարավորություն չի տալիս: Կա մեծ հրատապություն»: Միկայել Ժանն ասաց, որ ժամանակակից մարդը դժվար է ապրում. «Ի հավելումն ավանդական ծրագրերի, պետք է իրականացնել նոր քայլեր, որոնք հույս, ընտրություն կտան երիտասարդներին, քան անհույս արտագաղթը, կրոնի դիմակով մաֆիայի մեջ ներգրավվելը»: Կազմակերպության գլխավոր քարտուղարը կարևորեց որակյալ կրթությունը, որն ուղեկցում է մարդուն ողջ կյանքի ընթացքում: «Պետք է հնարավորություն տանք երիտասարդներին, կանանց՝ լինել նախաձեռնող, սեփական կյանքի ճարտարապետները»,- նշեց նա: