Շաբաթ երեկոյան՝ Բելառուսի նախագահական ընտրությունների նախօրեին, բելառուսական ընդդիմության ղեկավարների կոչով ավելի քան 1,5 հազար մարդ անցել է Մինսկի կենտրոնով` պահանջելով նախագահ Լուկաշենկոյի հրաժարականը և առանց կեղծիքների ազատ ընտրություններ: Այդքան մեծաքանակ բողոքի երթ առաջին անգամ է տեղի ունենում՝ 2010 թվականի դեկտեմբերի 19-ի նախագահական ընտրություններից հետո: Այն ժամանակ հարյուրավոր մասնակիցներ ձերբակալվել էին, նրանց հետ նաև նախագահի թեկնածուները: Մինսկի Ազատության հրապարակում ելույթ են ունեցել 2010 թվականին նախագահի նախկին թեկնածու, բանաստեղծ Վլադիմիր Նեկլյաևը, քաղաքական գործիչ Նիկոլայ Ստատկևիչը, Միացյալ քաղաքացիական կուսակցության նախագահ Անատոլի Լեբեդկոն: Ընդդիմադիրները գործող իշխանությանը մեղադրել են ժողովրդավարական փոփոխությունների իրականացման ցանկության բացակայության, քվեարկության տվյալների կեղծման և քաղաքական հակառակորդների հետապնդման մեջ: Շաբաթ օրվա ցույցի կարգախոսը կոնկրետ ձևակերպված չէր: Նրանք քննադատել են իշխանությանը խոսքով և պաստառներով, սակայն ինչպես ասել է Նիկոլայ Ստատկևիչը՝ ընտրություններն արդեն տանուլ են տրված, քանի որ քվեաթերթիկներում չկան ժողովրդավարական թեկնածուների անուններ: