Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին մեղադրել է երկրում տիրող վտանգավոր վիճակի համար: Թուրքական Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` աշխարհահռչակ թուրք գրողը ասել է, որ ստեղծված պայմաններում Թուրքիան կարող է հայտնվել դավանանքային հակամարտության մեջ: Էրդողանին նա մեղադրել է ստեղծված անապահովության մթնոլորտի համար, որը դաժանորեն դրսևորվել էր հոկտեմբերի 10-ի Անկարայի ահաբեկչությամբ: Իտալական La Repubblica-ին տված հարցազրույցում Փամուկը ասել է, որ Թուրքիայում աճող անկայունությունը Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության գործունեության հետևանք է: Նա ասել է, որ իրական մտավախություն ունի, քանի որ Էրդողանի «վերջնական նպատակն է ամեն գնով հասնել միահեծան իշխանության»:
Փամուկը մատնանշել է, որ Թուրքիայի ներկա վիճակը կարող է 1970-ականների քաղաքացիական պատերազմը կրկնել, որի մասին իր սերունդը այսօր էլ սարսափելի հիշողություններ ունի: Փամուկը Էրդողանին մեղադրել է, որ նա սկզբանպես հրաժարվել է պայքարել «Իսլամական պետության» դեմ, հետո համաձայնել է` ԱՄՆ-ի դրդմամբ, սակայն այժմ «գնդակոծում է հենց քրդերին»: