Հայաստանը կարևորում է ԵՄ խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովին մանդատի տրամադրումը՝ հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Լիահույս ենք, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը լավագույնս կարտահայտի Հայաստան-Եվրոպական Միություն փոխշահավետ համագործակցության խորությունը, կարտացոլի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառությունը ու կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը»,- նշված է Նալբանդյանի հայտարարությունում: ԵՄ արտաքին գործերի և համագործակցության դեպարտամենտի մամուլի ծառայության աշխատակից Վիրժինի Բատտու-Հենրիքսոնը հաստատել է, որ այդ համաձայնագիրը կփոխարինի ԵՄ և Հայաստանի միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագրին: