Մոսկվան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին հրաժարվել ուժի կիրառումից և քաղաքական կամք դրսևորել փոխզիջման հասնելու համար՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ցավոք, քաղաքական երկխոսության վերսկսումը դժվարանում է հակամարտության գոտում իրադրության սրման, զոհերի թվի աճի պատճառով»,- ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ զոհերի թվում նաև խաղաղ բնակիչներ կան։ «Իրավիճակի հետագա սրումն ուղղակի անթույլատրելի է։ Կողմերին կոչ ենք անում հրաժարվել ուժի կիրառումից, ցուցաբերել քաղաքական կամք, որն անհրաժեշտ է փոխզիջման հասնելու համար»,- ասել է նա: Զախարովայի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման հանգամանորեն քննարկվել է ապրիլ-մայիսին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան այցի ժամանակ։
«Այս հարցը նաև արտասահմանցի իր գործընկերների հետ Սերգեյ Լավրովի ընթացիկ շփումների առարկան է. մենք աշխատում ենք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ: Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ընթացքում Լավրովը հանդիպեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ, քննարկվեցին հակամարտության կարգավորման գործնական հարցեր»,- ասել է Զախարովան: