Անկարայում ՌԴ ու ԱՄՆ դեսպանները Թուրքիայի արտգործնախարարություն են կանչվել, հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին։ Ինչպես ենթադրում են թուրքական իշխանությունները՝ Մոսկվան ու Վաշինգտոնը ռազմական օգնություն են ցուցաբերում Սիրիայի քրդերին: Ջոն Բասն ու Անդրեյ Կարլովը, որոնք գլխավորում են ԱՄՆ-ի ու ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունները, զգուշացվել են «Քրդական ժողովրդավարական միությանը ռազմական օգնություն ցուցաբերելու» համար: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախազգուշացրել է ԱՄՆ-ին սիրիական Քրդական ժողովրդավարական միությանը ռազմական օգնություն տրամադրելու անընդունելիության մասին։ CNN հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ կոալիցիայի ռազմատրանսպորտային ինքնաթիռները կիրակի օրը 50 տոննա զինամթերք են նետել Սիրիայի հյուսիսում Հասաքե շրջանում: Պենտագոնը հաստատել է, որ կոալիցիայի ուժերը հյուսիսային Սիրիայում ինքնաթիռներից բեռ են նետել «Իսլամական պետության» դեմ կռվող տեղի ցամաքային ուժերի պաշարները լրացնելու համար։