ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջհանգիրիի մասնակցությամբ ՀՀ կառավարության ընդունելությունների տանն այսօր մեկնարկել է հայ-իրանական գործարար համաժողովը։ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել ողջույնի խոսքով. «ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից ողջունում եմ հայ-իրանական գործարար համաժողովի բոլոր կազմակերպիչներին և հյուրերին: Մենք բարձր ենք գնահատում հայ-իրանական համագործակցությունը, որը հիմնված է դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա: Վստահ եմ՝ տարածաշրջանում ստեղծված քաղաքական նոր իրավիճակն էլ ավելի կնպաստի հայ-իրանական հարաբերությունների նոր փուլ թևակոխման գործընթացին: Տնտեսական համագործակցության ակտիվացման լավագույն միջոցներից է այսօրվա գործարար համաժողովի անցկացումը, ինչը հնարավորություն կընձեռի Հայաստանի և Իրանի գործարարներին ծանոթանալու միմյանց երկրների տնտեսությանը, ներդրումային հնարավորություններին և հաստատելու գործարար կապեր տնտեսության ամենատարբեր ոլորտներում:
ՀՀ կառավարությունը ներդրումների նկատմամբ հայտարարել և իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե ոչ մի սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ: Ներդրումային և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ վերջին տարիներին իրականացվել են բարեփոխումներ, որոնց արդյունքներն ակնհայտ են: Դրա մասին են վկայում միջազգային հեղինակավոր կառույցների բազմաթիվ վարկանիշային ցուցանիշները: Այսօր Հայաստանն առաջատարն է ԱՊՀ երկրների շարքում տնտեսության ազատության և գործարարությամբ զբաղվելու ցուցանիշներով: Համաձայն Համաշխարհային բանկի` «Գործարարությամբ զբաղվելը 2015» վարկանիշային զեկույցի՝ Հայաստանն զբաղեցնում է 45-րդ տեղը 189 երկրների շարքում:
ՀՀ-ն վարում է բազմավեկտոր արտաքին տնտեսական քաղաքականություն և ունի առևտրի արտոնյալ ռեժիմներ բազմաթիվ երկրների հետ: Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, ինչը նշանակում է, որ Հայաստանում արտադրված ապրանքները զրոյական մաքսատուրքերով առանց մաքսային ձևակերպումների և այլ վարչարարական խոչընդոտների կարող են ազատ մուտք գործել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մոտ 170- միլիոնանոց սպառողական շուկա: ՈՒնենք ազատ առևտրի համաձայնագրեր շուրջ 250 մլն ընդհանուր բնակչությամբ ԱՊՀ անդամ երկրների մեծամասնության հետ: Միաժամանակ, Հայաստանն օգտվում է ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP) արտոնյալ ռեժիմից, ինչը նշանակում է Հայաստանում արտադրված ապրանքների համար զեղչված կամ զրոյական մաքսատուրքերով մուտք վերոնշյալ երկրների շուկա: ԵՄ Հայաստանին տրամադրում է նույնիսկ ավելի արտոնյալ՝ GSP+ կոչվող առևտրային ռեժիմը, ինչն ապահովում է շուրջ 6400 տեսակի հայկական ապրանքների մուտքը ԵՄ 28 երկիր՝ ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափերով: Հայաստանում գործունեություն ծավալելով` վերոնշյալ արտոնյալ ռեժիմներից կարող են օգտվել նաև իրանցի մեր գործընկերները: Ակտիվորեն համագործակցում ենք նաև Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ, որոնց հետ առևտրաշրջանառությունը վերջին տարիներին արագ տեմպերով աճում է:
Համագործակցության հարթակ կարող են դառնալ նաև Հայաստանում ստեղծված ազատ տնտեսական գոտիները: Երկրում գործում են երկու ազատ տնտեսական գոտիներ, որոնցից մեկն ունի բարձր և նորարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման, մյուսը` ոսկերչության, ակնագործության ու ժամագործության ուղղվածություն: Հայաստանի ազատ տնտեսական գոտիների շահագործողներն ազատված են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, գույքահարկի և մաքսատուրքի վճարման պարտավորություններից:
Հայաստանում ներդրումներ կատարելու օգտին է խոսում նաև մեր երկրում որակյալ և կրթված աշխատուժի առկայությունը, որը ճկուն է ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին հարմարվելու առումով: Վերջին տարիներին մեր տնտեսության մեջ աճի տեմպեր ենք գրանցում հատկապես գիտելիքահեն ոլորտներում, որոնցից են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, դեղագործությունը, բժշկությունը, զարգանում են ֆինանսաբանկային համակարգը, ոսկերչությունը, գյուղատնտեսությունը, հանքաարդյունաբերությունը, զբոսաշրջությունը, սննդի վերամշակման և այլ ոլորտներ: Իրանցի գործարարների համար կարող է հետաքրքիր լինել համագործակցությունը զբոսաշրջության, տեքստիլի, մշակող արդյունաբերության, տրանսպորտի ոլորտներում: Այս ամենը խոսում է ներդրումային, առևտրային և գործարար բազմաթիվ հնարավորությունների մասին:
Մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման առումով ռազմավարական նշանակություն ունի երկկողմ տրանսպորտային փոխադրումների ակտիվացումը, և այս առումով խիստ կարևոր են արդեն մեկնարկած Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման նախագիծը:
Չեմ կարող չանդրադառնալ նաև էներգետիկայի բնագավառի մեր համատեղ ծրագրերին, մասնավորապես՝ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի և ՄեղրիՀԷԿ-ի կառուցման ծրագրերին: Վստահ եմ՝ այս ծրագրերը նոր որակ կհաղորդեն տարածաշրջանային էներգահամակարգերին մեր ինտեգրման գործընթացին:
Լիահույս եմ՝ այս համաժողովը կօգնի բացահայտել Հայաստանը` որպես հնարավորությունների երկիր՝ ժամանակակից, կրթված, աշխատասեր մարդկային կապիտալով, աշխարհագրական դիրքով և բազմաթիվ երկրների հետ համագործակցության ձևաչափերով: Երկիր, որտեղ յուրաքանչյուր նոր նախաձեռնության նկատմամբ ցուցաբերվում է առանձնահատուկ` «գործարարի կարիքների վրա հիմնված» մոտեցում: Հավելեմ, որ մոտ մեկ ամսից հայ-իրանական գործարար համաժողով ենք նախատեսում նաև Թեհրանում, որին մասնակցելու մեծ հետաքրքրություն է ցուցաբերել նաև Հայաստանի գործարար հատվածը»:
ՀՀ վարչապետը հաջող և արդյունավետ ընթացք է մաղթել համաժողովի աշխատանքներին: