Անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները հայ-իրանական տնտեսական և առևտրական հարաբերությունների զարգացման համար՝ երկկողմ ապրանքափոխանակության ավելացման նպատակով՝ հայ-իրանական գործարար համաժողովի ընթացքում հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Հոմիդ Չիթչիենը։ Նա համոզված է, որ միջոցառումը դրական նշանակություն կունենա առևտրական հնարավորությունների ի հայտ բերման տեսանկյունից։ Նախարարի խոսքով, տարածաշրջանում և աշխարհում Իրանի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բոլոր երկրների հետ հարաբերությունների զարգացման վրա։ «Վստահաբար կարելի է ասել, որ բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները նպաստում են երկրների միջև ավելի մեծ ինտեգրացիային։ Որպես հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, կարծում եմ, որ անհրաժեշտ է բոլոր հնարավորություններն օգտագործել տնտեսական և առևտրական հարաբերությունների զարգացման համար՝ երկկողմ առևտրաշրջանառության ավելացման նպատակով։ Խնդրին հետևում են համապատասխան ատյանները»,- նշել է Հոմիդ Չիթչիենը։ Նա հավելել է, որ նոյեմբերին Թեհրանում գործարար համաժողով կանցկացվի, որի ընթացքում կօգտագործվեն հայ-իրանական տնտեսական համագործակցության հետագա զարգացման բոլոր հնարավորությունները։ Նրա խոսքով, ներկայումս ներդրումների համար բարենպաստ պայմաններ են ստեղծված ինչպես առևտրի ոլորտում, այնպես էլ զբոսաշրջության, մաքսատների, հիդրոէներգետիկայի, նավթի և իրանական գազի։ «Այդ ոլորտները գրավիչ են մասնավոր սեկտորի համար։ Բազմաթիվ փաստաթղթերի ստորագրմամբ բարենպաստ դաշտ է ստեղծվում երկու երկրների մասնավոր սեկտորների համագործակցության համար»,- ամփոփել է Իրանի էներգետիկայի նախարարը։