Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կիրակի այցելել է Ստամբուլ, որտեղ հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ։ Независимая газета-ն անդրադարձել է այցին։ Եվգենի Գրիգորևը գրել է, որ քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարին, Սիրիայի իրադրությանը, փախստականների ճգնաժամը հաղթահարելուն առնչվող հարցեր: Այդ թեմաներն անցյալ շաբաթ քննարկվել էին ԵՄ-ի ղեկավարության ու Էրդողանի Բրյուսելում կայացած բանակցություններում։ Մերկելը դարձել է փախստականների հոսքը դեպի Թուրքիա կասեցնելու գաղափարի նախաձեռնողն ու Անկարային է կարևոր նշանակություն տվել։ Համաձայն տեղեկությունների՝ դեռ մեկ ամիս առաջ նա այդ հարցով զանգահարել էր Էրդողանին։ Այդպիսով ծնվել էր Գործողությունների պլանը, որն ընդհանուր առմամբ հետևյալ տեսքն ունի. Անկարան խիստ վերահսկողություն է սահմանում իր սահմաններին, պայքար է սկսում մաքսանենգների դեմ, կառուցում է հսկայական փախստականային ճամբար՝ վերջ դնելով փախստականների անվերջանալի հոսքին, որի 90 տոկոսն անցնում է Թուրքիայով։ Փոխարենը Թուրքիան մի քանի մլրդ եվրո օգնություն է ստանում՝ փախստականներին ճամբարում պահելու համար, իսկ իր քաղաքացիների համար՝ Շենգենյան գոտի մուտք գործելու դյուրացված պայմաններ ու ԵՄ-ին անդամակցության բանակցությունների վերսկսում՝ գրում է թերթը։ Փորձագետների համոզմամբ՝ ԵՄ-ին ու Գերմանիային ձեռնտու կլինի, եթե Թուրքիան մի քանի միլիարդ դոլարի դիմաց ստանձնի սահմանային Եվրոպոլի առաքելությունը։ Իրավիճակը, կարծես, դաշնային իշխանությանն այլ ելք չի թողնում, քան «մոռանալ» Թուրքիայի հետ տարակարծությունները։ Գերմանիան զինում է քուրդ «փեշմերգաներին»՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար։ 100 գերմանացի ռազմական տեսուչներ նրանց սովորեցնում են օգտագործել այդ զենքերը։ Գերմանիան պաշտոնական մակարդակով քննադատում է Անկարայի ռեժիմը՝ մեղադրելով ավտորիտար լինելու, մարդու իրավունքների խախտումների համար: Մերկելը, Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին այցելելով Անկարա՝ ամրապնդում է Էրդողանի և նրա կուսակցության վարկանիշը։ Սակայն կանցլերի համար ավելի կարևոր ու անհետաձգելի է միգրացիոն խնդրի լուծումը, որից կարող է կախված լինել իր հետագա քաղաքական ճակատագիրը, գրում է հոդվածագիրը։