Իրանը առաջնային նշանակություն է տալիս Իրաքյան Քրդստանի անվտանգության հարցերին՝ կիրակի հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին Ինքնավար Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ հանդիպման ժամանակ: «Իրանը մեծ նշանակություն է տալիս Իրաքյան Քրդստանի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման հարցերին: Դուք հայտնվել եք շատ դժվար իրավիճակում, երբ ստիպված եք պայքարել ոչ միայն արտաքին թշնամու՝ ԴԱԻՇ-ի դեմ, այլև լուծելու ներքաղաքական խնդիրներ»,- ասել է նա զրուցակցին: Լարիջանին շեշտել է, որ Իրաքյան Քրդստանում քաղաքական ուժերին անհրաժեշտ է «գալ կոնսենսուսի, որպեսզի ԴԱԻՇ-ի ահաբեկիչները չօգտվեն անհամաձայնությունից»: Բարզանին երախտագիտություն է հայտնել օգնության համար, որ Թեհրանը տրամադրում է ինքնավարությանը: «ԴԱԻՇ-ը տարածաշրջանում մեր ընդհանուր թշնամին է: Եվ միայն համագործակցության շնորհիվ մենք կարողացանք ահաբեկիչներից ազատագրել Իրաքի շատ շրջաններ՝ մինչև Մոսուլ քաղաքի սահմանները»,- նշել է նա: