Անցած գիշեր Ադրբեջանի մայրաքաղաքում ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները ձերբակալել են իսլամիստ արմատականների հետ կապերի մեջ կասկածվող 42 մարդու՝ հայտնում է Haqqin.az ինտերնետային պարբերականը՝ վկայակոչելով Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությանը: Գործողությունը իրականացվել է Բաքվի Farklı Lahmacun սրճարանում, որտեղ կրոնական միջոցառում էր անցկացվում: APA-ի վկայությամբ՝ ձերբակալվածները ենթադրաբար վահաբիստական աղանդի հետևորդներ են: Այժմ քննչական մարմինները ստուգում են նրանց հնարավոր առնչությունը երկրի սահմաններից դուրս գործող զինված խմբավորումներին: Ենթադրվում է, որ բոլոր ձերբակալվածները կարող են կապեր ունենալ Սիրիայի և Իրաքի տարածքներում մարտական գործողություններին մասնակցող վարձկան մոջահեդների հետ: