«Մասամբ ընթերցել եմ, այո, առաջարկվող նախագիծը, իսկ դեսպանության իմ գործընկերները մանրամասն ծանոթացել են փաստաթղթերին: Ես նաև առիթ եմ ունեցել ծանոթանալ նախագծի վերաբերյալ գնահատականներին Վենետիկյան հանձնաժողովի, հայաստանյան քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի կողմից: Սակայն ինձ համար՝ որպես ԱՄՆ կառավարության ներկայացուցչի, տեղին չէ որևէ գնահատական տալ նախագծի վերաբերյալ: Հայաստանի ժողովուրդն ինքը պետք է ծանոթանա նախագծին, մասնակցի բանավեճերին, քննարկումներին, հասկանան, թե ինչ հետևանքներ կունենան փոփոխություններն իրենց կյանքում և իրազեկ որոշում կայացնեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ Նա չցանկացավ արձագանքել ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիտարկմանը, թե նախագահները սահմանադրությունը փոխում են վերարտադրվելու համար։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ Օբամայի ելույթը վերաբերո՞ւմ էր Սերժ Սարգսյանին։ «Նախագահ Օբամայի մեկնաբանությունների վերաբերյալ Նյու Յորքում ես չեմ կարող անդրադարձ կատարել, սակայն կարևոր է, որ լինի բանավեճ, լինեն քննարկումներ, մարդիկ կարողանան իրենց որոշումը կայացնել և եթե որոշում են փոփոխություններ կատարել, դա նրանց որոշումն է: Եվ ինչպես ես ասացի, մենք՝ որպես Հայաստանի բարեկամ, հետևելու ենք՝ ապահովվո՞ւմ է բաց բանավեճ, բոլոր կողմերը՝ այո-ն և ոչ-ը ներկայացնող, հավասար կարողանո՞ւմ են իրենց դիրքորոշումները հայտնել»,-ասաց դեսպանը։