ԱՄՆ-ում հրապարակվել են 2013-ի մայիսին կոնգրեսմենների՝ Բաքու այցի հետաքննության նյութերը: «ԱՄՆ-Ադրբեջան հանդիպում. հայացք ապագային» համաժողովին մասնակցելու համար ԱՄՆ-ի տարբեր նահանգներից 300 մարդ է մեկնել Բաքու: Վճարվել են հյուրերի տրանսպորտային և հյուրանոցի ծախսերը: Ամերիկացիները նվերներ են ստացել. տարբեր չափի և արժողության գորգեր, հախճապակե սպասք և այլն՝ գրում է Slon-ը: Այդպիսի ուղևորությունները թույլատրվում են, սակայն օրենքը սահմանափակում է կոնգրեսմենների՝ այլ պետություններից նվեր ստանալու հնարավորությունը, եթե արժեքը գերազանցում է որոշակի գումարը՝ 2013-ին 350 դոլար: Կոնգրեսմեններից միայն մեկն է լրացրել անհրաժեշտ ձևաթղթերը և ներկայացրել Էթիկայի հանձնաժողովին: Միայն գորգերը մի քանի հազար դոլար են արժեցել, մեկի գինը 10 հազար դոլար է եղել:
ՈՒղևորությունը կազմակերպել են հասարակական կազմակերպություններ, սակայն հետաքննության արդյունքում պարզվել է, որ հիմնական հովանավորն Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է եղել: Հաշվետվության համաձայն, ներկայացուցչական ծախսերի համար կազմակերպիչներից մեկին՝ Ադրբեջանի ընկերների վեհաժողովին (AFAZ) 750 հազար դոլար է փոխանցվել:
Միայն լոբբիստական գործունեության համար Ադրբեջանն ԱՄՆ-ում միլիոնավոր դոլարներ է ծախսում: «Ազատություն» ռադիոկայանի տվյալներով, եթե 1990-ականների կեսերին այդ ծախսերը տարեկան մի քանի տասնյակ հազար էին կազմում, 2000-ականների սկզբին կազմել են մի քանի հարյուր հազար դոլար, իսկ 2007-ին՝ ավելի քան 1 մլն դոլար:
2013-ին, ամերիկյան աղբյուրների համաձայն, Ադրբեջանը ներառվել է օտարերկրյա պետությունների տասնյակում, որոնք ԱՄՆ-ում լոբբիստական ծառայությունների համար ամենաշատ գումարն են ծախսել՝ շուրջ 2,2 մլն դոլար: Ադրբեջանի օգտին լոբբիստական հաջող գործունեության հետ են կապում Ջորջ Բուշ-Կրտսերի հետ Իլհամ Ալիևի հանդիպումը: Լոբբիստական ծառայություններն օգտագործում են տնտեսական և քաղաքական նպատակների հասնելու, Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակին վերաբերող քննադատությունը զսպելու համար:
Այդ քննադատությունը հայտնվում է ԱՄՆ-ի պետքարտուղարության հաշվետվություններում, հնչում է Եվրախորհրդարանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հայտարարություններում: Բաքուն պատասխան մեղադրանքներով է պատասխանում: Եթե հավատանք WikiLeaks-ին, թեման քննարկվել է նաև ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ Իլհամ Ալիևի հանդիպումներից մեկի ժամանակ: Ադրբեջանի նախագահին այսպիսի խոսքեր են վերագրում. «Մենք չենք ցանկանում, որպեսզի մեզ բռնապետություն համարեն», «Ինձ մեդիագիշատիչ են (predator of the press) կոչել. դա ազնիվ չէ», «Ես ձեր դաշնակիցն եմ, ինչո՞ւ եք սատարում նրանց, ովքեր իմ դեմ են հանդես գալիս»:
Լոբբիստները, այդ թվում՝ այնպիսի կառույցներում, ինչպիսին է ԵԽԽՎ-ն, երաշխիք են, որ մարդու իրավունքներին վերաբերող նկատողությունները պատժամիջոցների չվերածվեն: Նրանց գովասանքներն իշխանությունները երկրի ներսում որոշակիորեն կիրառում են իրենց օգտին: Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ Էմին Միլլիի խոսքով՝ «Եթե կոնգրեսմենը որևէ լավ բանի ասի Ալիևի կամ նրա ռեժիմի մասին, Ադրբեջանում օրական տասնյակ անգամ կցուցադրեն հեռուստատեսությամբ»: