ԱՄՆ-ը ձեռնպահ կմնա Սիրիայում ցամաքային գործողություններից ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ՝ հոկտեմբերի 27-ին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցը: «Մենք մտադիր չենք երկարաժամկետ, լայնամասշտաբ մարտական գործողություններ իրականացնել, ինչպես եղել է Իրաքում ու Աֆղանստանում»,- ասել է Բարաք Օբամայի մամլո քարտուղարը: Նա նշել է, որ Վաշինգտոնը հնարավոր է համարում որոշակի հանգամանքներում «իր գործընկերների հետ սահմանափակ գործողություններ» ձեռնարկելը միայն: Երեքշաբթի օրը պաշտպանության նախարար Էշտոն Կարտերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է Իրաքում ու Սիրիայում ԻՊ-ի դեմ ցամաքային գործողություններ սկսել «զինյալների վրա ճնշումն ուժեղացնելու նպատակով»՝ հաղորդել էր NBC News-ը: «Մենք չենք հրաժարվի օգնել մեր գործընկերներին ԻՊ-ի դեմ հարձակումներում, դա վերաբերում է նաև օդից հարվածներին կամ ցամաքային ուղղակի գործողություններին»՝ ասել էր ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը Կոնգրեսի զինված ուժերի գործերով հանձնաժողովում: Կարտերը լսումների ժամանակ հերքել էր, որ ռուսական ավիացիան գրոհել է Պենտագոնի վարժանքն անցած ապստամբներին: Նա ասել էր, որ նախարարությունը «դուռը բաց է պահում» և Մոսկվան «կարող է դրական ներդրում ունենալ» սիրիական կոնֆլիկտի լուծման մեջ: