Տարածաշրջան այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են նախագահների հանդիպման հնարավորությունը և հուսով են, որ մինչև տարեվերջ նրանք կհանդիպեն՝ այսօր Բաքվում ասել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը` հավելելով, որ այցի արդյունքները կամփոփեն հայտարարությամբ: «Մենք մեր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ տարաձայնություններ ունենք միջազգային հարցերի կապակցությամբ: Սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մենք միասնական ենք»,- APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Պոպովը: «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվող միավորումում հանդիպման ժամանակ ռուսաստանցի միջնորդը նշել է, թե «բոլոր համանախագահները հակվում են նրան, որ փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենի հողեր»: Պոպովը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում համապատասխանաբար ցմահ ու 22 տարվա ազատազրկման դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի թեմային՝ ասելով, թե համանախագահները զբաղվում են նրանց հարցով, որը շատ բարդ է: